Այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ի արտահերթ նիստի ընթացքում, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագծի քննարկմանը ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում դժգոհություն հայտնեց՝ ասելով, որ նման կարևոր հանրային օբյեկտների սեփականաշնորհումը տեղի կունենա առանց հանրային պատշաճ լսումների, այն դեպքում, երբ դրանց ցանկում ներգրավված է առողջապահական շուրջ 10 կարևոր օբյեկտ։

Ըստ նրա՝ մասնավոր հիվանդանոցները շատ ավելի լավ վիճակում են. «Զուգարաններից ավանդական գարշահոտ չի գալիս, բայց այստեղ էլ նրանք, ովքեր փռշտալուց ավելի բողոք ունեն, առնվազն 150 հազար դրամից ավելի պետք է ծախսեն, իմանալու, թե իրենց առողջական վիճակն ինչպես է»:

Փաշինյանի խոսքով՝ մեր պետությունն անապահովության միավորներ ունեցող մարդկանց տալիս է պետպատվերի հնարավորություն. «Տասնյակ հազարավոր մարդիկ աղքատ են պաշտոնապես, բայց պետպատվերի սանդղակի մի միավոր պակաս լինելու դեպքում չեն ստանում: Պետպատվերով հիվանդին շատ դեպքերում ասում են՝ սահմանված չափը վերջացել է: Այսինքն՝ հիվա՛նդ, գնա սպասի մինչև հաջորդ տարվա բյուջեով քեզ գումար հատկացնենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսպիսի ընտանիքների թիվը հասնում է 70-80 հազարի:

Անդրադառնալով հաջորդ խնդրին՝ սրտի անվճար ստենտավորման ծրագրին, ԵԼՔ խմբակցության ղեկավարը նշեց, որ հարյուրավոր դեպքեր են լինում, բայց պայման են դնում, որ պետք է շտապօգնության մեքենայով հասնել հիվանդանոց և սրտամկանը մահանալու պրոցեսում լինի: «Եթե իր Ժիգուլիով գա, քանի որ շտապօգնության մատոռը խփել ա, կասեն՝ ճիշտ է, քեզ հասնում է, դու ստանալու ես, բայց դեռ չես ստացել, գնա տուն, նորմալ աբշիռնի ինֆարկտը խփի, եթե բախտդ բերի, չմահանաս, շտապօգնությամբ այդ ժամանակ արի»,- ավելացրեց նա:

Փաշինյանի խոսքով՝ այժմ առողջապահական օլիգարխների համակարգ է գործում. «Պրիմիտիվ անալիզների համար թվեր են ուզում, իսկ ամբողջ առողջապահական պետպատվերը կենտրոնացրել են մի քանի մասնավոր կենտրոններում: Հիվանդանոցները տանում են բոլոր լավագույն կադրերին, և մարզերում լինում են այնպիսի բժիշկներ, որոնք կոտրվածքը չեն տարբերում և մերսում են կատարում»,- ասաց նա՝ օրինակ բերելով այն անեկդոտը, երբ հիվանդին ասում է՝ «բժիշկը գա, կասի, ասում է՝ բա դո՞ւ ով ես, ասում է՝ ես այստեղի էլեկտրիկն եմ»:

«Մենք կենտրոնացնում ենք ոսկեջրած պատերով օազիսներ, և դրա շուրջը առողջապահական ավերակներ են, իսկ ՀՀ-ում այս իրավիճակն է: Հետևաբար, դեմ ենք քննարկումների այսպիսի ոճաբանությանը, առայժմ դեմ ենք քվեարկելու»,- նշեց նա՝ ավելացնելով, որ այս մասնավորեցմամբ հաշվի չեն առել, թե որոնք կլինեն քաղաքական հետևանքները: