Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, անդրադառնալով վերջին օրերին  բուռն քննարկումների տեղիք տված Քաթարի հետ կատարված դիվանագիտական սկանդալին, նշեց, որ իր համար անհասականալի է, թե ովքեր են այդ բուռն քննարկումների հեղինակները.

«Քաթարն ընդամենը պետություն է, որի հետ մենք ազատականացման համակարգին ենք անցել և նույնն անելու ենք ևս վեց պետությունների հետ: Խնդիրն այն է, որ որևէ երկիր ապահովագրված չէ ահաբեկչությունից, մյուս կողմից՝ չենք կարող խզել հարաբերություններն այն պետությունների հետ, որտեղ ահաբեկչություններ են իրականանում: Քաթարի հետ հարաբերությունները խզել, կամ նույնն անել Իրանի հետ՝ մենք չենք պատրաստվում»:

Շավարշ Քոչարյանը նաև հավելեց, որ Քաթարի հետ կատարված դիվանագիտական սկանդալը մեր դաշտից դուրս է: 

ԱԳ նախարարի տեղակալը նաև անդրադարձավ Մինսկի Խմբի համանախագահների հերթական այցի մասին՝ նշելով, որ հայկական կողմն ունի մեկ նպատակ՝ Ադրբեջանը պետք է կատարի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություննները.

«Պատահական չէ, որ Վիեննայում ձևավորվեց այն մոտեցումը, որ մինչև կողմերի միջև չլինի վստահության մթնոլորտ, անհնարին է բանակցային գործընթացում խոսել առաջընթացի մասին: Այդ վստահության մթնոլորտի բաղկացուցիչ մասը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է բանակցությունների վերսկսման համար: Հայ հասարակությունը պետք է իր մաշկի վրա զգա, որ չեն կրակում, չեն սադրում: Սա կարող է դառնալ բանակցելու պայման»,-ասաց նա:

Խոսելով պատերազմի վերսկսման մասին տարածվող լուրերի վերաբերյալ՝ Շավարշ Քոչարյանը շեշտեց, որ պատերազմը վերսկսելու վտանգը միշտ կա և այդ մասին լուրերը նոր չեն սկսվել տարածվել, մյուս կողմից՝ պատերազմը վերսկսելու վտանգը միշտ կա և Բաքուն այդ սուրը միշտ փորձում է թափ տալ: