Գենդերային հիմքով բռնությունը հակամարտությունների ժամանակ, ընտանեկան բռնություն, կանանց իրավունքների խախտումներ. «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն անցկացրեց «Կանայք հանուն խաղաղության եւ կայունության: Խաղաղությունը սկսվում է քո տնից» խորագրով 5-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել տարբեր երկրների (Սիրիա, Կոլումբիա, Իրաք, Կիպրոս, Խորվաթիա, Սերբիա, Չեչնիա, Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, ԱՄՆ եւ այլն) ներկայացուցիչներ:

Միջոցառմանը հանդես եկավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ խաղաղության տանող ուղին և բռնությունների բացառումն անցնում են կանանց հզորացման ճանապարհով:

«Պատճառը, որ մենք պակաս ագրեսիվ ենք, այն է, որ այժմ կանանց ձեռքերում կա ավելի մեծ ուժ և իշխանություն: Ուրախ եմ, որ ԵՄ հիմնական ուղղություններից մեկը հավասարությունն է կնոջ եւ տղամարդու միջեւ: Մենք այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ ենք ծավալում: Իհարկե, բռնությունը քիչ-քիչ զիջում է իր դիրքերը, սակայն ընտանեկան բռնությունները ավելի դժվարությամբ են նահանջում: Սա մեզ համար նույնպես կարևոր թեմա է: Այսօր կարեւոր հարց է, թե ինչ պետք է անենք: Կա անհրաժեշտ ռազմավարություն, ծրագիր, սակայն դրանից առավել կարեւոր է մտածելակերպը, որ մարդիկ կարողանան արտահայտվել, կոչ անել, որ նման վերաբերմունքն անհանդուրժելի է: Եվրամիությունը կարող է խոստանալ, որ սա մեր շարունակական ուղղություններից է լինելու: Պետք է հորդորենք կանանց` ուժեղ լինել: Ոտքի կանգնեք, արտահայտվեք»,-ասաց նա:

Համաժողովին մասնակցում էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

«Ուրախ ենք, որ աջակցում ենք նման միջոցառմանը: Ցանկանում եմ ողջունել տարբեր երկրներից այստեղ եկած կանանց, ովքեր իրենց հետ բերել են իրենց իրականացրած գործունեության մասին խիզախ վկայությունները: Հակամարտության կառավարման անհրաժեշտությունից ելնելով՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն իր աշխատանքի օրակարգում ընդգրկեց կանանց խաղաղության, անվտանգության հարցը, որի միաձայն ընդունումից հետո ընդունվեց եւս 5 բանաձեւ, որոնցից մեկը առանձնահատուկ էր նրանով, որ պետություններին կոչ էր անում անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել հակամարտության ժամանակ եւ դրանից հետո կանանց պաշտպանության ուղղությամբ: Ֆրանսիան իր կողմից հանձնառու է ի կատար ածել ՄԱԿ-ի այդ բանաձեւերը»,-շեշտեց Ֆրանսիայի դեսպանը:

Հունիսի 7-ին «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդ կանանց խաղաղության եւ մարդու իրավունքների» 6-րդ միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր դարձան Իրաքը ներկայացնող «Բաղդադի կանանց ասոցիացիայի» խորհրդի անդամ Բարվին Մոհամմեդ Ամինը` Իրաքում խաղաղաշինության եւ հաշտեցման գործընթացներում կնոջ դերի բարձրացման համար եւ Կոլումբիան ներկայացնող «Կանանց միջազգային լիգա հանուն խաղաղութան եւ ազատության» միջազգային ՀԿ նախագահ Քաթերին Ռոնդերոսը, ով մշակում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 եւ 1820 բանաձեւերի իրականացման ծրագիրը՝ աշխատելով զինված հակամարտության պատճառով տուժած կանանց հետ Կոլումբիայի հինգ շրջաններում:

Նա նշեց, որ այժմ խաղաղության պայմանագրի դրույթների իրականացման փուլում են, եւ հիմնական մարտահրավերներից մեկը կանանց ներգրավվածությունն է, ինչի պակասը, նրա խոսքով, բավականին զգալի է:

«Մտահոգիչ է, որ բռնությունների աճ է գրանցվում: Մտածում էինք, որ պայմանագրի ստորագրումից հետո կնվազի, սակայն հակառակ պատկերն ունենք, եւ սա մեզ համար ազդանշան է, որ ստորագրումից առավել կարեւոր է իրագործումը»,-ասաց Կոլումբիայի ներկայացուցիչը:

Նա նշեց, որ Կոլումբիայում գերիշխում են նաեւ ընտանեկան բռնությունները, որոնց դեպքերը ավելի շատ են, քան հակամարտության ժամանակ իրականացվող բռնությունները:

«Ընտանեկան բռնությունը Կոլումբիայում հասնում է 70 տոկոսի: Կանանց սպանությունների 60 տոկոսն իրականացվում է ատրճանակներով, ինչը առիթ է տալիս մտածելու, որ տներում, ընտանիքներում ատրճանակի առկայությունն անչափ վտանգավոր է կանանց համար»,-եզրափակեց Քաթերին Ռոնդերոսը: