Ինչպես արդեն ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացրել էր մեկ տարի առաջ Հալաբյան փողոցում 63 համարի ավտոբուսի պայթյունից տուժածներից երեքը վարակվել են հեպատիտ C-ով:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, հանրապետության գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը մեր հետ զրույցում նշել էր, որ երեխաները երեք տարբեր հիվանդանոցներում ստացել են բավականին լուրջ ծավալային միջամտություններ. «Տարբեր հիվանդանոցների միջամտություններն էլ կարող էին լինել վարակման ֆակտոր, սակայն կա մեկ այլ ֆակտոր ևս՝ երեխաների օրգանիզմ է ներթափանցել պայթյունից մահացած մարդու մարմնի բեկորներ, և դա նույնպես հավանական ֆակտոր է, թեև՝ ավելի քիչ»:

Քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 2016 թվականի ապրիլին ավտոբուսի պայթյունից տուժածների թվում էին Թումոյի 2 սաներ՝ Է. Գ.-ն և Ռ. Խ.-ն։ Նրանք ստացել էին բազմաթիվ վնասվածքներ։ Մեր բժիշկների անձնուրաց և արհեստավարժ գործունեության արդյունքում դեռահասների առողջական վիճակը աստիճանաբար կարգավորվեց։ Սակայն հերթական հետազոտությամբ պարզ դարձավ, որ երկու դեռահասն էլ վարակվել են հեպատիտ Ց վիրուսով։
Նրանք, ըստ միջազգային ուղեցույցների, հսկվել են ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների կողմից, կազմակերպվել է հեպատիտ Ց վիրուսի կողմից առաջացրած լյարդի փոփոխությունների հետազոտություններ։

Դեպքից մեկ տարի հետո Թումոյի սաները հետազոտվել են վերջնականապես, որի արդյունքում դեռահասների մոտ ախտորոշվել է քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց։ Նրանց առաջարկվել է երեքամսյա տևողությամբ հակավիրուսային բուժում նորագույն դեղամիջոցներով։

Կարևոր է նշել, որ երկու երեխայի բոլոր հետազոտությունները և խորհրդատվությունները ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և մշտական հսկողությամբ կազմակերպվել են անվճար։ Բուժումը կազմակերպվել է հովանավորների կողմից հատկացված դեղամիջոցներով՝ կրկին անվճար հիմունքներով։ Ցավոք, հիվանդներից Ռ. Խ.-ի մայրը հրաժարվել է տղայի բուժումից։

ՀՀ ԱՆ Գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանն ուրախությամբ տեղեկացնում է, որ Է. Գ.-ի մոտ բուժման առաջին ամսում ստացվել է դրական արդյունք՝ տղան ազատվել է վիրուսից։