Հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին ՀՀ Առողջապահության նախարարի հայտարարությունը քննարկման առարկա դարձավ և հայտնվեց նաև մեր ուշադրության կենտրոնում: Երեկ հոդված էինք հրապարակել, որտեղ ասվում էր, որ ըստ տեղեկությունների, դեռ նախորդ տարվանից գործարար Խաչատուր Սուքիասյանը ձեռք է բերել պայմանավորվածություն «Ֆիլիպ Մորիս» ընկերության հետ, Հայաստանում Էլեկտրոնային ծխախոտի վաճառքով զբաղվելու համար: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը տեղեկությունները ճշտելու և մեկնաբանություն ստանալու համար զրուցեց գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանի հետ:

Սակայն, վերջինս հերքեց տարածված տեղեկությունն այն մասին, որ գործարարը որևէ առնչություն կարող է ունենալ էլեկտրոնային ծխախոտի բիզնեսի հետ. «Ես հերքում եմ այդ տեղեկությունները: Դրանք կապ չունեն Սուքիասյան ազգանվան հետ: Սուքիասյան ընտանիքն արդեն տասը տարուց ավել է որևէ կապ, առնչություն չունի «Ֆիլիպ Մորիս» ընկերության հետ: Պարոն Սուքիասյանը ցանկություն չունի էլեկտրոնային ծխախոտի վաճառքով զբաղվել»,- ասաց Մկրտչյանը:

Նշենք՝ աշնանն արդեն ԱԺ-ում կքննարկվի ծխախոտի մասին նոր օրենքը, և բուն զարգացումները կծավալվեն հենց այդ ժամանակ: Մնում է սպասել և տեսնել, ԱԺ-ն «կպայքարի"» ծխելու դեմ, թե ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա:

Սոնա Հարությունյան