Հայաստանում բավական մեծ աղմուկ հանած Ջասթին Թիմբերլեյքի՝ Սամվել Ալեքսանյանին հյուրընկալվելու մասին լուրերը հայտնի գործարարն արդեն իսկ հասցրել է հերքել: Ճիշտ է՝ միգուցե շատերին նրա այդ հերքումը կարող է և համոզիչ չթվալ, սակայն փաստը մնում է փաստ, որ համապատասխան հերքում, այնուամենայնիվ ստացվել է: Էականն, այդ հերքման մեջ, սակայն, բնավ էլ բուն հերքումը չէ երևիթե, որքան՝ հնչած հիմնավորումը: «Էդ մի միլիոն դոլարը, որ ես երգիչին պիտի տայի, դրա տեղը մի հատ լավ արտադրություն կասեի՝ երեխեքը կդնեին: Էտի ձեր համար փող չի, իմ համար եքա փող ա: Մի հատ լավ տրիկոտաժի մի 500 տեղանոց արտադրություն կդնեի»,- այսպես էր Ալեքսանյանն արձագանքել լրագրողների այն պնդմանը, թե  մոտ 1 մլն դոլար է վճարվել Թիմբերլեյքին գործարարի կողմից դստեր հարսանիքը ծաղկեցնելու համար:

Արդեն երկար տարիներ է, ինչ Հայաստանի թիվ մեկ օրակարգային հարցերից մեկն էլ այն է, թե ինչպես է պետք տեղական արտադրություն զարգացնել: Իրավիճակն այս առումով, խոստովանենք, իրապես անհույս է, քանի որ վերածվել ենք բացառապես ներմուծող երկրի: Ու հիմա երևիթե մի շատ փայլուն միտք է ծագում մարդկանց գլուխներում. իսկ ի՞նչ, եթե Հայաստանն այս ծանր վիճակից դուրս բերելու բանալին, իրոք, գտնված է: Ինչպե՞ս, շատ պարզ: Ազգովի փող ենք «քցվում», միլիոն դոլար հավաքում ու այն տալիս Ալեքսանյանին՝ Հայաստանում նոր արտադրություններ հիմնելու, աշխատատեղերի հարցը բարեհաջող կերպով լուծելու, բյուջեի եկամտային մասը մեծացնելու, մի խոսքով՝ Հայաստանը Սինգապուր դարձնելու համար: Հարց՝ ե՞րբ է սկսվում դրամահավաքությունը…

Իրականում, սակայն, Սամվել Ալեքսանյանի կենսափիլիսոփայությունը չի կարելի սխալ համարել. մարդը գիտի փողի արժեքը, գնահատում է ամեն մի լուման, ինչը, սակայն, չես ասի նույն պետության մասին…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ