Ժամանակն անխնա հոսում է, իսկ դրա հետ մեկտեղ՝ հոսում է նաև Կառավարության հնարավորությունը՝ 2017-ը տնտեսության համար բեկումնային տարի դարձնելու. ներդրումների մասին խոսակցությունները ոչ մի կերպ չեն նյութականանում, իսկ կապիտալն էլ շարունակում է արտահոսել, ընդ որում` արտահոսող կապիտալի մեծ մասը ռուսական ծագման է: Փաստացի՝ տեղի է ունենում ճիշտ հակառակ պրոցեսը. Ռուսաստանից կապիտալի ներհոսքի փոխարեն՝ ականատես ենք դառնում արտահոսքի, ինչն իրականում ոչ թե, ասենք, չուզողության արդյունքն է, այլ միանգամայն օբյեկտիվ պատճառներ ունի իր հիմքում. սա նշանակում է, որ բիզնեսն այլևս Հայաստանում ընդլայնվելու, սեփական եկամուտներն ավելացնելու հնարավորություն չի տեսնում ու որպեսզի խուսափի վնասով աշխատելուց, դուրս է գալիս մեր երկրի սահմաններից:

Պետք է հասկանալի լինի մեկ բան` որքան էլ տնտեսության զարգացումը, կամ, մասնավորապես, նույն արտաքին կապիտալաներդրումներն անքակտելիորեն կապված լինեն մեծ քաղաքականության հետ, եթե բիզնեսի զարգացման համար չկան տարրական պայմաններ, եթե միջավայրն ուղղակի անտանելի է,ապա ոչ մի աշխարհաքաղաքականություն կամ այլ նմանատիպ վերամբարձ անվամբ երևույթ՝ չի օգնի գործին: Իսկ այս ամենը նշանակում է, որ Կարապետյանի կառավարության թիվ մեկ առաքելությունը պետք է լիներ ոչ թե, ասենք, զանազանատիպ ու խոստումնալից թվացող անուններ կրող ակումբների ստեղծումը (խոսքը Ներդրողների ակումբի մասին է), այլ երկրում միջավայր փոխելը, խաղի հավասար կանոնների հաստատումը, հարկային դաշտի նորմալացումը, հարկերի նվազեցումն ու այդպիսով երկիրը գրավիչ դարձնելը: Եթե նույն հարևան Վրաստանում նույն հարկերը շատ ավելի ցածր են, եթե բնակչությունն ավելի գնողունակ է ու շատ ավելի բազմաքանակ, եթե այդ երկրի իշխանություններն անում են ամեն բան՝ ներդրողներին վանելու փոխարեն ներգրավելու սեփական երկիր, ապա բնական է, որ արտասահմանցի ներդրողները Վրաստանը շատ ավելի կնախընտրեն, քան Հայաստանը. ի դեպ՝ հարևան երկրում արտաքին ներդրումները 10 անգամ այստեղից ավելին են, ու դրանցում հայկական կապիտալի տոկոսը ևս  բավական բարձր է (փաստորեն՝ սեփական երկրի տնտեսությունն աշխուժացնելու փոխարեն՝ հարևաններին ենք հարստացնում): Սրանք իրողություններ են, որոնց շուրջ կառավարությունն ուղղակի իրավունք չունի չմտածելու, չմտահոգվելու:

Ինչ վերաբերում է խոստացված տնտեսական աճին՝ 3.5%-ի չափով, ապա ինչպես մի շարք տնտեսագետներ են նշում, դա ոչինչ է, ու Հայատանին առնվազն 7.5%-անոց աճ է անհրաժեշտ` գոնե խուսափելու անվերահսկելի անկումից. նման թվերը, ցավոք, դեռևս մեզ համար երազանք են մնում: Իրականում՝ բոլորին պետք է հասկանալի լինի մեկ բան. շոուներով ժողովուրդ չես պահի, հասարակություն չես կերակրի, երկիր չես հզորացնի: Եթե նույնիսկ տեղացու համար է խնդիր այսօր մի գործ դնելը, ապա էլ ի՞նչ կարելի է խոսել օտարների մասին:

Միգուցե նախ տեղացիների համա՞ր բարենպաստ միջավայր ստեղծեինք ու հետո միայն վերամբարձ բաներից խոսեինք... Համաձայն չե՞ք:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ