ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը ՀՀ Վարչական դատարանը վարույթ է ընդունել: Դրանով Կազմակերպությունը պահանջել է պարտավորեցնել ՀՀ ԿԸՀ-ին պատշաճ պատասխան տրամադրել իր՝ 2017 թ. մարտի 30-ի դիմում-առաջարկին: Այդ մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

 


ՀՀ Աժ 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարբերաբար վարչական վարույթ հարուցելու առաջարկություններ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովը դրանք դիտարկել է որպես դիմումներ և մերժել վարույթի հարուցումը: Իր որոշումները ՀՀ ԿՀԸ-ն մեկնաբանել է նրանով, որ Կազմակերպության իրավունքներն անմիջականորեն չեն խախտվել, և վերջինս նման դիմումներ ներկայացնելու իրավունք չունի:

 


Մինչդեռ առաջարկություններ ներկայացնելու ՀՀ քաղաքացիների իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածով և օրենքներով, և ըստ դրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է օրինական և հիմնավոր պատասխան ներկայացնել:
Համանման դիմում-առաջարկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է նաև 2017 թ. մարտի 26-ին «Գորիսի մեդիա գրուպ» կոչվող լրատվական կայքում հրապարակված նյութի վերաբերյալ: Դրանում Գորիսի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ շնորհակալություն էին հայտնում պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանին՝ Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդի վանք՝ իրենց այցելությունները ֆինանսավորելու համար և պատգամավորության թեկնածուին հաղթանակ էին մաղթում առաջիկա ընտրություններում:

 


Հաշվի առնելով, որ տեղի ունի ՀՀ Ընտրական օրենսգրքի՝ նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները սահմանող 19-րդ հոդվածի դրույթների խախտում՝ 2017 թ. մարտի 30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ ԿԸՀ՝ նյութի հիման վրա վարչական վարույթ հարուցելու և ՀՀ Վարչական դատարան դիմելու հարցով: