Ինչպես հայտնի է, մեզանում հայրենիքի կենացը խմողների պակաս չկա. հայրենասիրական թեմաներն,եթե կուզեք, հատկապես էլիտար խնջույքների, ուտուշ-խմուշների անբաժան մաս են հանդիսանում, ու ով ավելորդ առիթ է փնտրում ասենք ևս մի բաժակ ավել օղի կոնծելու, չի ալարում ու հանուն հայրենիքի բաժակ է բարձրացնում, հայ ժողովուրդ փառաբանում և այլն:Մի խոսքով` առնվազը կենցաների մակարդակով Հայաստանի էլիտայից ավելի հայրենասեր էլիտա դժվար թե աշխարհում գտնվի:Պատկերը, սակայն, միանգամայն այլ է դառնում, երբ այդ «հայրենասիրությունն» ինչ-որ կերպ ապացուցելու ժամանակն է գալիս, երբ հասունանում է պահը` Հայաստանի մասին քաղցր կենցաները գոնե ինչ-որ կերպ նյութականացնելու. ա՛յ այստեղ արդեն բացահայտվում է դաժան իրականությունը:

Ինչպես ցույց են տալիս ընդունելության քննությունների արդյունքները, տարեցտարի Հայաստանում հայոց լեզվի ու,առհասարակ, հայագիտական առարկաների դիրքերը թուլանում են. մատաղ սերունդը դադարում է սեփական լեզվի ու արժեքների կրողը լինել: Այսպես` ըստ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննության նախնական արդյունքների` 2017-ին 20 միավոր ստացել է ընդամենը 52 դիմորդ,և սա այն պարագայում, երբ նախորդ  տարի այդ թիվը գրեթե կրնակի ավել էր` 92: Ավելին` միջին միավորն այս տարի կազմել է 13.1` նախորդ տարվա 13.7-ի դիմաց: Մի խոսքով` անզեն աչքով էլ նկատելի է, թե ինչպիսի տենդենցներ են իշխում  այստեղ. տենդենցներն,պետք է նկատել,ամենևին էլ հուսադրող չեն:

Այսքանից  հետո հարց է  առաջանում` կոնկրետ ի՞նչ ֆունկցիա է Հայաստանում իրականացնում Կրթության և գիտության նախարարությունն, ու ի՞նչ առաջնային խնդիր է լուծում այս կառույցը: Կա՞,արդյուք,կոնկրետ թիրախավորված քաղաքականություն, գոյություն ունի՞, արդյոք, հստակ գիծ` հանրակրթական հաստատություններում հայագիտական առարկաների մասսայականացնելու: Դատելով վերոհիշյալ արդյունքներից` ենթադրելի է,որ ոչ մի թիրախ էլ նախարարությունն իր համար չի նշմարել, ու այս կարևորագույն խնդիրն այսօր ինքնահոսի վիճակում է գտնվում: Եվ իրոք,ինչ կարիք կա հայոց լեզու սովորելու,երբ անգամ գրելիս լատինատառ ենք գրում (խոսքը թվային տիրույթի մասին է): Էլ ո՞ւմ է պետք է ուղղագրություն կամ,առավել ևս, հայոց լեզվի կետադրություն սովորել,երբ միևնույնն է` ամեն ինչ OK է:

Իրականում խնդիրն ազգային անվտանգությանն է վերաբերում, ու «հայու գենի» մասին ճառեր հնչեցնողները նախ պետք է այս խնդիրը լուծեն ու հետո միայն բարձրագոչ կենացներ ասեն առատ սեղանների առջև նստած. հայրենքիը միայն ժայռն ու ծառը չէ,հայրենիը նախևառաջ մայրենին  է…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ