«Տրանսպորտի խնդիրը մենք չենք առաջացրել, մենք այն ժառանգել ենք, դրա համար ես դա մեր բացթողումը չեմ համարում և վստահ եմ, որ դա լուծելի խնդիր է»- այսօր հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի խնդիրը լուծելի է համարում: Անչափ հետաքրքրական է, թե ումից է ժառանգել այս խնդիրները Կամո Արեյանը, այն պարագայում, երբ 1997-2001 թթ-ին եղել է Երևանի քաղաքապետի տեղակալ, 1998 թ-ի փետրվար-մայիս ամիսներին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար։ 2003 - 2009 թթ-ին եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։ 2009 թ-ի հուլիսի 6-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։ 2013 թ. մայիսին ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ: Վերջին ընտրություններից հետո Արեյանը վերանշանակվեց իր պաշտոնում:

Ենթադրելի է, որ Կամո Արեյանը Երևանի խնդիրները ժառանգել է ոչ ավել ոչ պակաս հենց ինքը՝ Իսահակ Մելիք Աղամալյանից, ով հիշեցնենք 20-րդ դարի սկզբին Երևանի առաջին քաղաքապետն էր: Ահա այսպիսի դարավոր բեռ է կուտակվել Արեյանի ուսերին, սակայն վերջինս ամեն դեպքում չի կորցնում իր լավատեսությունը՝ տրանսպորտի խնդիրները լուծելի են:   Փաստացի Արեյանը 20 տարի է ինչ լծված է այս սուրբ գործին, սակայն դեռևս իրեն չի համարում մարդ, ով պետք է կրի պատասխանատվություն, քանի որ ժառանգել բառը հարիր է այն դեպքում, երբ դու 3-4 տարի է ինչ զբաղեցնում ես պաշտոնդ և դեռ լիովին չես տիրապետում խնդրին, կամ այն այնքան խորքային է, որ կարճ ժամանակամիջոցում լուծում տալ հնարավոր չէ: Իսկ եթե 20 տարվա մեջ ի վիճակի չես եղել լուծել խնդիրը, հետևաբար այն այնքան հին է ու խորքային, որ մնացել է դեռ առաջին քաղաքապետի ժամանակներից և որևէ մեկը ի զորու չէ այն լուծել:

Արեյանի համար խնդիրներին ծանոթանալու նպատակով հասարակական տրանսպորտով երթևեկելը թիթիզություն է, իր իսկ խոսքով, նա նման թիթիզությունների կարիքը բնավ չի զգում՝ քանի որ ծանոթ է ոլորտի խնդիրներին: Փաստորեն Արեյանը փայլուն գիտի բոլոր խնդիրները, անգամ լուծումներն է պատկերացնում ու մեզ հույսով անում, բայց արի ու տես, որ սայլը տեղից չի շարժվում: Դե ո՞ր սայլը տեղից կշարժվի, այն պարագայում, երբ այս լուսավոր դարում երթուղայիններն են նման ողբալի վիճակում… Հետաքրքիր է, Արեյանը տեղյակ է, որ զարգացած երկրներում պաշտոնյաների կողմից հանրային տրանսպրտով երթևեկելը բնականոն երևույթ է, այլ ոչ թե թիթիզություն: Դա թույլ է տալիս տեղում, առանց զեկույցների և թվերի մեջ խորանալու ողջ խորությամբ հասկանալ խնդրի էությունը և արդյունավետ լուծումներ տալ: Գուցե դա՞ է պատճառը, որ նմանատիպ պաշտոնյաներ ունեցող քաղաքները 20-րդ դարից ժառանգած խնդիրներ չունեն…

Ստելլա Խաչատրյան