Այն, որ այժմ ներիշխանական բուրգում, բայց հատկապես դրա ամենավերին հատվածում կրքերը չափազանց թեժ են, գրեթե որևէ մեկի համար առանձնակի գաղտնիք չէ: Սույն փաստը պայմանավորված է 2018-ի ապրիլի` սարերի հետևում չլինելու հանգամանքի հետ: Նախագահ Սարգսյանը` Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ երդման արարողությանն ունեցած ելույթում հանդես է եկել  որոշակի ակնարկներով, որոնցում չտեսնել վերոհիշյալ երևույթի` ցցուն արտահայտված տարրեր, ուղղակի անհնարին կլիներ:

Այսպես` Սարգսյանն, իր խոսքն ուղղելով Մարգարյանին, հայտարարել էր. «Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը»: Եթե փորձենք հասկանալ նախագահի կողմից ասվածի տողատակերն, ապա պետք է ամրագրենք, որ նախագահն, ըստ էության, Մարգարյանին կոչ է անում բարձր պահել ՀՀԿ-ի պատիվն ու ապացուցել, որ ամենաժողովրդական հանրապետականը հենց նա է` Երևանի քաղաքապետը:

Իսկ հարցը, թե ինչու է նախագահը նման կոչ հղում քաղաքապետին, առավել քան հասկանալի է. խնդիր կա ՀՀԿ-ն դուրս բերել պատկերավոր ասած Կարեն Կարապետյանից կախվածությունից. գաղտնիք չէ, որ ընտրություններում ՀՀԿ հաղթանակում մեծ դեր խաղաց վարչապետի ընկալելիությունը հասարակության շրջանում, ինչը վերածվեց Կարապետյանի համար քաղաքական կապիտալի: Ճիշտ է` միգուցե քննարկման բոլորովին այլ թեմա է այն, թե որքանով Կարապետյանին հաջողվեց կամ ապագայում կհաջողվի այդ քաղաքական կապիտալը  ռեալիզացնել, սակայն այն որ  ասվածը փաստ է, կասկած լինել չի կարող: Իսկ սա հանգամանք է, որը Սարգսյանին չանհանգստացնել, պարզապես, չի կարող:

Կարդարացնի՞, արդյոք, Տարոն Մարգարյանը Նախագահի հույսերը, թե՞ ոչ, ցույց կտա բացառապես ժամանակը, բայց որ նա սայթաքելու իրավունք ուղղակի չունի, փաստ է. նախագահի հույսերը չեն կարող օդում կախված մնալ:

 Դավիթ ԲԱԲԱՆՈՎ