Հունիսի 13-ին տեղացած ուժգին կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Արմավիրի մարզի մի շարք համայնքներում: Այսօր վաղ առավոտից մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի մի հատվածը՝ Կառավարությունից պահանջելով փոխհատուցել իրենց կրած կորուստները:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում բողոքի ակցիային միացած գյուղացիները նշեցին, որ երեկվա կարկուտը սրբել տարել է ոչ միայն իրենց բերքն ու բարիքն, այլ նաև իրենց հույսերը. «Մինչև երբ, այսպես ինչքա՞ն կարող ենք ապրել: Ամեն տարի բարձր տոկոսներով վարկեր ենք վերցնում, հող մշակում, որ բերքը վաճառենք, վարկը փակենք և, գոնե, կարողանանք հաց ուտել, որ սովից չմեռնենք: Հիմա, փաստորեն, վարկերը վերցրինք, բայց բերք չենք ստանա: Գյուղնախարարն ասում էր, որ անելու են ամեն ինչ, որ մենք կարողանանք  բերք ստանալ, հասցնել շուկա և վաճառել,  բա էդ գյուղնախարարը եղանակի տեսությունը չէր լսել, որ հրահանգեր կարտաբեր ամպերը ցրել, հո միայն գյուղեր գալ գնալով ու նկարները կայքերում տեղադրելով չեն աշխատում»։

Նշենք, որ բողոքող գյուղացին հայտնեց նաև, որ  ճանապարհը փակելուց մի քանի ժամ անց մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելել է կարկտահարված համայնքներ և իրենք սպասում են, թե ի՞նչ կորոշեն և որքան կգնահատեն իրենց կրած կորուստները: