Ինչպես հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը, ՌԴ-ում ձերբակալվել է տղամարդ, ով կասկածվում է տրավմատիկ ատրճանակից քաղաքային ծառայություններ իրականացնող աշխատակցի վրա կրակելու համար: Մոսկվայի իրավապահ մարմինները հաղորդում են, որ տուժածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ով ճանապարհային աշխատանքներ էր  իրականացնում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հունիսի 11-ի երեկոյան ոստիկանական բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Բոլշայա Յակիմանկա փողոցում մի քանի մարդ է կռվում և դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 33-ամյա տղամարդու, ով բնակվում է հարևան շենքում:

Ձերբակալվածի խոսքով՝ ինքը կոնֆլիկտ է ունեցել քաղաքային ծառայությունների՝ ճանապարհային աշխատանքներ իրականացնող աշխատակիցների հետ: Վեճի ընթացքում էլ Shark տեսակի տրավմատիկ ատրճանակից երեք անգամ կրակել է աշխատակիցներից մեկի վրա:

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով ՀՀ քաղաքացին ազդրի երկու վնասվածք է ստացել և տեղափոխվել Պիրոգովի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոց: