Զարգացած գյուղատնտեսություն ունենալու մասին հեքիաթներն, ինչպես հայտնի է, բավական պոպուլյար են դարձել հատկապես վերջին շրջանում, երբ հայրենի Կառավարությունը, իսկ ավելի ճիշտ՝ Գյուղատնտեսության նախարարությունը՝ յուր նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորությամբ, օր ու գիշեր ջանք չի խնայում՝ հանրությանն ու հատկապես դրա գյուղացիական հատվածին համոզելու, որ նախարարության բուն գործառույթը ոչ թե մատը մատին տալն է, այլ կաբինետներում նստած՝ թղթի վրա փիլիսոփայելը. մարդիկ իբր զօրուգիշեր ծրագրեր մշակելով են զբաղված, որոնք շուտով գյուղատնտեսությունը  դուրս են բերելու ճահճացած վիճակից:

Հունիսի 12-ի կարկուտը հսկայական վնասներ է պատճառել հատկապես Արմավիրի մարզի բնակիչներին, ովքեր էլ ճարահատյալ փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածը՝ ի նշան բողոքի։ Մարզի մի շարք համայնքների գրեթե ողջ բերքն ուղղակի ոչնչացել է: Ու հիմա մարդիկ հարց են ուղղում՝ ի՞նչ են անելու, ինչպե՞ս են վարկերի տակից դուրս գալու, ինչպե՞ս են լուծելու օրվա հացի խնդիրը մի պարագայում, երբ գրեթե ամեն տարի նույն  պատմությունն է կրկնվում. գյուղացիությունը բառացիորեն կրակն է ընկել բնության քմահաճությունների ձեռքն, ու փաստացի՝ յուրաքանչյուր տարի ստիպված են լինում իրենց դառը քրտինքով «դատած» բերքը լցնել աղբանոցները:

Ինչպես հայտնի է, միառժամանակ առաջ մեծ աղմուկ-աղաղակով  Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարեց, թե առաջիկայում Հայաստանում ներդրվելու են հակակարկտային նոր տեխնոլոգիաներ. գումար վերցրեցին՝ ընդ որում՝ բավական կլորիկ, խոստացան ամենասեղմ ժամկետներում ներդնել այդ տեխնոլոգիաներն ու այդպիսով երաշախավորել գյուղացիության բերքն ու ապահովագրել այն բնական տարերքներից: Խոստանալը՝ խոստացան, բայց ինչպես հունիսի 12-13-ը ցույց տվեց, բացի փող վերցնելուց, դեռևս ուրիշ ոչինչ մարդիկ չեն արել մի պարագայում, երբ հայտնի է՝ հատկապես այս սեզոնին Հայաստանում մեծանում է կարկտահարության  հավանականությունը: Ու հիմա հարց է առաջանում՝ որքա՞ն ժամանակ էր Իգնատի Առաքելյանից պահանջվում համապատասխան գործը գլուխ բերելու համար. սրա շուրջ ի՞նչ խորհուրդ է տալիս Գյուղատնտեսության նախարարությունը, ի՞նչ անեն մարդիկ: Կանգնենք կողքից ու հետևենք, թե ինչպես են մարդիկ ամեն տարի ողբո՞ւմ, թե՞ վերջապես խնդիրը լուծենք:  Հասկանալի է, չէ՞, որ 21-րդ դարում, երբ կարկուտն այլևս իրենից խնդիր չի ներկայացնում, մեր երկրի համար մեծ ամոթ է որպես գյուղատնտեսության չգոյության հինական պատճառ՝ բերել բնության տարերքը: Մեզ ինչ հիշում ենք՝ այս խնդիրը Հայաստանում տարեցտարի միմիայն թեժանում է՝ առանց լուծվելու իրական հեռանկարի:

Անկախ այն բանից, թե կարկուտի հարցը երբ կլուծվի, երբ վերջնականապես կներդրվեն համապատասխան պաշտպանիչ տեխնոլոգիաները կամ արդյոք նման բան առհարակ կլինի՞, թե՞ ոչ, մի բան հստակ է. պետությունը, ու հենց նույն Գյուղատնտեսության նախարարությունն ուղղակի իրավունք չունի անուշադրության մատնելու մարդկանց խնդիրն ու պարտավոր է փոխհատուցում տրամադրել. մարդիկ անելանելի վիճակում են հայտնվել, հետևաբար՝ պետք է գտնեն աջակցություն համապատասխան մարմիններից:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ