Երևան-«Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպել է փորձնական երթուղի, որը կգործի հունիսի 14-ից՝ առավոտյան ժամը 10:00-ից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։

Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին կից գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։

Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։

Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ լիցենզավորման ոլորտում օրինախախտումների, գործունեության դադարեցման ուղղությամբ, քննարկել Երևան-«Զվարթնոց» օդանավակայանում գործող երթուղիների արդիականացման հնարավորությունը։