Լոնդոնի արեւմտյան շրջանում բազմահարկ բնակելի շենք է այրվում: Ականատեսների ասելով եւ ստացվող տեսակադրերի համաձայն՝ կրակը ճարակել է գործնականում ամբողջ շենքը, տեղեկացնում է BBC-ն:

Լոնդոնի Հյուսիսային Քենսինգթոն շրջանի Grenfell Tower շենք են ուղարկվել շուրջ 40 հրշեջ մեքենաներ եւ 200 հրշեջներ, որոնց դեռեւս չի հաջողվում մարել կրակը: Լոնդոնի հրշեջ պահպանության աշխատակիցների տեղեկատվության համաձայն՝ այրվում են շենքի երկրորդից մինչեւ 27-րդ հարկերը: Կա այն բանի վտանգը, որ շենքը կարող է փլվել:

Հաղորդվում է ծխից տուժածների մասին, նրանց օգնություն են ցույց տալիս բժիշկները, սակայն տուժածների ստույգ թիվն առայժմ չի նշվում: Ոստիկանությունը հայտնել է, որ մինչ այժմ շարունակվում է շենքից մարդկանց տարհանումը: Դեռեւս հայտնի չԷ՝ քանի մարդ էր գտնվում շենքում եւ նրանցից քանիսին է հաջողվել փրկել:

Տարհանվածներին տեղավորում են մերձակա քրիստոնեական կենտրոնում: Առայժմ ոչ մի տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչը կարող էր հրդեհի պատճառ դառնալ, եւ ինչպես կրակը կարող էր այդչափ մեծ մակերեսի ընդգրկել: Ըստ որոշ տվյալների շենքում կա շուրջ 200 բնակարան:

ԶԼՄ-ներից մի քանիսը եւ ականատեսները հաղորդում են, որ շենքում դեռեւս բնակիչներ են գտնվում, որոնք օգնություն են խնդրում: