Քաղաքացու ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Երևանի բնակիչ Աշխեն Հովհաննիսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Այսպես «azatutyun.am» էլեկտրոնային լրատվական կայքի «Շիրակի 3 հասցեում գտնվող թիվ 52 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 8/54 ընտրատեղամասում ընտրողներին քվեարկված քվեաթերթիկներ են տվել» հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 14.05.2017թ.-ին ընտրական հանձնաժողովի անդամը նախապես քվեարկած քվեաթերթիկ է հանձնել ընտրողին:

Հիշյալ դեպքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 8/54 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ Աշխեն Հովհաննիսյանը, քվեաթերթիկում իր նախընտրած կուսակցության դիմաց համապատասխան նշում կատարելու միջոցով քվեարկել է հիշյալ ընտրատեղամաս այցելած Լարիսա Սարգսյանի փոխարեն, որից հետո արդեն իսկ քվեարկած քվեաթերթիկն ու ծրարը հանձնել նրան` այդ կերպ խոչընդոտելով վերջինիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Աշխեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: