Երևան-«Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպել է փորձնական երթուղի, որը սկսել է գործել այսօր՝ հունիսի 14-ին, առավոտյան ժամը 10:00-ից: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, ժամը մեկ հաճախականությամբ։

Սա ՀՀ կառավարության որդեգրած ձեռագրի հերթական դրսեւորում է, երբ մի սովորական քայլ կատարելուն նախորդում է աշխարհի լավագույն բեմահարթակներին արժանի մի ամբողջ բեմականացում: Փորձնական երթուղի կազմակերպելը ներկայացրին իբրև օրվա թոփ թեմա, մինչդեռ կարող էին և պարտավոր էին դա անել առանց ավելորդ ալևայլությունների: Ինչպես գիտենք, մեր երկրում որևէ պարզ ու պրիմիտիվ հարց լուծելու համար տարիներ են հարկավոր, բայց արի ու տես՝ կառավարությունը նիստ արեց, վարչապետը հանձնարարական տվեց և կախարդական փայտիկի մեկ շարժումով՝ ընդամենը օրեր անց՝ բացվում է Երևան-Զվարթնոց ավտոբուսային գիծը: Վերջին շրջանում Կարեն Կարապետյանը լծվել է իր թիմակից նախարարի փիառման սուրբ գործին, ինչի արդյունքում սովորական վարչության պետի տեղակալին հարիր քայլերը ներկայացվում են իբրև ակտիվ և պրոդուկտիվ աշխատանքի պտուղ: Մինչդեռ որևէ մեկի համար գաղտնիք չէ՝ ինչպիսի բարդակ է տիրում Վահան Մարտիրոսյանի գլխավորած կառույցում, ինչը գալիս է ապացուցելու, որ բեմադրած շոու ներկայացումները կառավարության նիստերի ընթացքում, մեղմ ասած, չեն լուծում ոլորտում առկա աղետալի վիճակը:

Մի ավտոբուսային գիծ են բացել, բայց այնպես են ներկայացնում, կարծես Հյուսիս-հարավն են ի վերջո ավարտին հասցրել: Ի դեպ՝ նման հույսեր՝ հանրությունը վաղուց արդեն չի էլ փայփայում:

Երևան-Զվարթնոց ուղղությամբ ուղեորափոխադրող մի շարք գծեր են գործում, սակայն «գործում»-ը թերևս չափազանցված է այս պարագայում: Գուցե կարիք կար զարգացնել հենց այդ գծերը, և ոչ թե նոր բիզնես նախագիծ մշակել: Նախարարությունից նշում են, որ մրցույթ կհայտարարեն ընթացիկ բացթողումները և թերությունները շտկելուց հետո միայն: Թերևս սպասենք կառավարության հաջորդ նիստին, ասել է թե՝ բեմականացման երկրորդ արարին, ինչի արդյունքում սույն թերությունները կշտկվեն կայծակնային արագությամբ և մեզ քաջածանոթ գծատերերից մեկը կհաղթի հայտարարված մրցույթում:

Ստելլա Խաչատրյան