Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը միջգերատեսչական խորհրդակցություն է հրավիրել Լոնոնի արեւմուտքի բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:

«Մեյը խնդրել է ժամը 16:00-ին (Երեւանի ժամանակով 19:00-ին) միջգերատեսչական խորհրդակցություն անցկացնել արտակարգ իրավիճակների քարտուղարությունում՝ ջանքերը համակարգելու եւ անհրաժեշտության դեպքում արտակարգ ծառայություններին եւ տեղական իշխանություններին աջակցություն ցույց տալու՝ կառավարության պատրաստությունն ապահովելու համար»,- հայտարարել է վարչապետի ներկայացուցիչը:

Նա նաեւ հայտնել է, որ վարչապետը «խորապես տխրել է Grenfell Tower-ում մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ եւ իրազեկված է պատահարի հետ կապված վերջին լուրերի մասին»:

Ըստ վերջին տվյալների՝ Լոնդոնի բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվել է վեց, վիրավորվել շուրջ 70 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: