Երեկ մամուլում և սոցիալական ցանցերում բուռն քննարկումների ալիք էր բարձրացել՝ թիվ 1 տուն-ինտերնատում տիրող սարսափելի իրավիճակի պատճառով։

Նշենք, որ այսօր` հունիսի 15-ին թիվ 1 տուն-ինտերնատում տեղի կունենա տնօրենի թափուր հաստիքի բաց մրցույթ: ԵԼՔ դաշինքի անդամ Գևորգ Գորգիսյանը, գնալով մրցույթի անցկացման և տուն-ինտերնատի մասին տարբեր հրապարակումների հետքերով, այցելել է տուն-ինտերնատ և անձամբ արձանագրել մի շարք խախտումներ։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Գևորգ Գորգիսյանն ասաց, որ հասարակության ամենախոցելի անձինք ամենավատ վիճակում են. «Քաղցկեղով հիվանդները ստիպված են առանց մորֆինի դիմանալ ցավերին։
Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք ապրում են նույն սենյակում, առողջ մարդկանց հետ և անընդհատ առաջացնում են խնդիրներ, մեկը նույնիսկ փորձել է խեղդամահ անել մյուսին։ 70-ն անց կինն ինքն է մշակում իր վերքերը և արդեն մի քանի օր՝ չունի անհրաժեշտ ախտահանող միջոցները։ Առողջական խնդիրներ ունեցողները գումար են տալիս բժշկուհուն, որպեսզի իրենց չտեղափոխի ինտերնատի հիվանդանոց, որովհետև այնտեղից ոչ ոք հետ չի վերադառնում։ Ինտերնատի հիվանդանոցի սենյակներում չկա ջուր։

Երբ հարցրինք` երկրորդ հարկ տանող աստիճանները շատ նեղ են, եթե մեկին մի բան պատահի (նկատի ունեինք առողջության վատթարացում), պատգարակով հնարավոր չի լինի իջեցնել, ինչպե՞ս եք անում, մեզ
պատասխանեցին` «դե ադեալի մեջ փաթաթում, տանում ենք» (նկատի ունեին մահացածներին), և սա առկա խնդիրների միայն մի մասն է»:

Գորգիսյանը նշեց` հավաքված նյութերով դիմելու է մի շարք մարմինների. «Արդեն նամակ եմ ուղարկել նախարարին։ Եթե նախարարը համապատասխան քայլեր չձեռնարկի, ես կդիմեմ ոստիկանություն` պահանջելով համապատասխան քննություն սկսել, քանի որ սրանք քրեական տարրեր պարունակող խախտումներ են: Չի բացառվում, որ դիմեմ նաև Մարդու իրավունքների պաշտպանին: Դեռևս պետք է մտածեմ և հասկանամ, որն է ճիշտ, որ մարդկանց օգնելու փոխարեն՝ ավելի չվնասենք»։

ԵԼՔ դաշինքի անդամի խոսքով` դաշինքը միանշանակ թիվ 1 տուն-ինտերնատի հարցը կբարձրացնի նաև ԱԺ-ում. «Այստեղ շատ լուրջ խնդիրներ կան, և շատ անպատշաճ ձևով են հոգ տանում մեր քաղաքացիների մասին, որն անթույլատրելի է։ Չի բացառվում, որ ՄԻՊ դիմեմ: Դեռևս պետք է մտածեմ և հասկանամ, որն է ճիշտ, որ մարդկանց ավելի վնաս չտանք օգնելու փոխարեն»։

Անդրադառնալով տուն-ինտերնատի տնօրենի թափուր հաստիքի՝ այսօր տեղի ունենալիք բաց մրցույթին, Գորգիսյանն ընդգծեց, որ հնարավորություն են ունեցել մասնակցելու տնօրենի ԺՊ-ն, նրա տեղակալը և նույն աշխատակազմից մեկ ուրիշը. «Մրցույթի բաց լինելը մեղմ ասած՝ վիճարկելի է: Բաց մրցույթի բոլոր կանոնները խախտվել են։ Այս մասին տեղեկացրել եմ նաև նախարարությանը, սակայն նախարարը ոչ մի բան չի արել։ Նախարարն ինձ հետ զրույցում վստահեցնում էր, որ ամեն ինչ նորմալ է, մրցույթի անցկացման խախտումներ չկան, որևէ խնդիր չկա, մինչև ես հասա և տեսա ամբողջ իրավիճակն իմ աչքերով»,- նշեց նա՝ ավելացնելով, որ «բաց» մրցույթի մասին որևէ քաղաքացի չի իմացել, քանի որ դրա մասին հայտարարություն չկա և այդ հայտարարությունը կարելի է տեսնել միայն համապատասխան հղում ունենալու դեպքում, որն, ըստ երևույթին, ուղարկվում է ինչ-ինչ ներքին ցանցերով։

Տեսանյութն՝ armtimes.com-ի.

Սոնա Հարությունյան