Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հունիսի 12-ին տեղացած ուժգին կարկուտի հետևանքով գյուղացիների կրած վնասներին:

Նախարարը նշեց, որ ամենաշատ կորուստները կրել է Արմավիրի մարզը,  իսկ թե վնասի չափը թվերով որքան է կազմում, նախարարը դժվարացավ  պատասխանել՝ շեշտելով, որ Գյուղնախարարության փորձագետներն այս պահին կատարում են տուժած համայնքների կորուստների գնահատում:

Խոսելով գյուղացիներին տրամադրվելիք աջակցության մասին՝ նախարարը նշեց, որ Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ այս պահին մշակվում է համապատասխան փաթեթ՝ գյուղացիների կրած վնասներն ինչ-որ չափով թեթևացնելու ուղղությամբ. «Մեր օգնությունը կարող է միայն լինել այն, որ կարկտահարված համայնքների բնակիչներին ցածր տոկոսներով վարկեր տրամադրենք կամ գյուղացիների արդեն վերցրած վարկերը սառեցնենք: Աջակցության այս եղանակներն այս պահին ակտիվ քննարկվում են: Կառավարությունն ու Գյուղատնտեսության նախարարությունը այլ բան  չեն կարող անել»,-նշեց նախարարը:

Նախարարը նաև հավելեց, որ քննարկվում է նաև հակակարկտային կայանները նոր ցանցերով փոխարինելու հարցը, ինչի համար, սակայն, մեծ գումար է անհրաժեշտ, որն այս պահին Կառավարությունը չունի:

Հիշեցնենք, որ Կառավարության հունիսի 15-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ գյուղնախարարին, ՏԿԶ նախարարին և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին՝ երեք օրվա ընթացքում ամփոփել հունիսի 12-ին տեղացած կարկուտի հասցրած վնասի չափը: