Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն, անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ ռեյտինգային ընտրական համակարգի մասին արած հայտարարությանը, նշեց. «Համապատասխան ոլորտի ներկայացուցիչներից ամենաբարձրը Վենետիկի հանձնաժողովն է: Այն տվել է իր եզրակացությունը, և այն, որ մեր կողմից ընդունված համակարգը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, փաստարկված է: Այն բարդ է, որովհետև փորձ է արվել մշակել մեխանիզմներ, որոնք պատշաճ ձևով արտացոլում են ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը խորհրդարանում: Կարելի՞ էր ավելի պարզեցնել ընտրական օրենսգիրքը՝ այո, բայց դա ունենալու էր իր բացասական գինը, և մենք, ծանր ու թեթև անելով, այդ ուղղությամբ ենք որոշել գնալ»:

Խոսելով Պյոտր Սվիտալսկու արտահայտած տեսակետի մասին, թե ԿԸՀ կազմը պետք է փոխել, որովհետև այն հասարակության շրջանում վստահություն չի վայելում, նախարարը նշեց. «ԿԸՀ կազմը պետք է փոխվի, թե ոչ, դա երկրի ներքին խնդիրն է, և այդ հարցը ԱԺ-ն է որոշում: Եթե Սվիտալսկին նման հայտարարությամբ է հանդես եկել, դա երկրի ներքին քաղաքականությանը միջամտելու փորձ է, ինչը համարում եմ անթույլատրելի՝ անկախ նրանից՝ բարի՞ նպատակներով է արվում, թե՝ ոչ», – Դավիթ Հարությունյանը: