Այսօր «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտոր Սվիտալսկին անդրադարձավ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքի բաժանման դեպքերին: Դեսպանի արած արտահայտություններն այնքան էլ լավ չընդունվեցին հայկական կողմում և դարձան բուռն քննարկումների առիթ:

Հիշեցնենք, որ սրա վերաբերյալ կարծիք էր հայտնել նաև Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ով անդրադառնալով Սվիտալսկու հայտարարությանը, նշել էր, որ ներքաղաքական հարցերին միջամտելու Սվիտալսկու փորձը համարում է անթույլատրելի:

Այս հարցի վերաբերյալ արմատապես հակառակ կարծիքն ունի Թևան Պողոսյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության նախկին քարտուղար Թևան Պողոսյանն, անդրադառնալով Պյոտոր Սվիտալսկու հայտարարություններին, ասաց. «Սա նշանակում է՝ Եվրամիությունը շատ է կարևորում Հայաստանի հետ հարաբերությունները և ցանկանում է, որ Հայաստանն ավելի ժողովրդավար լինի: Սվիտալսկուն հրավիրել էին միջոցառման, որը վերաբերում էր ընտրական համակարգին, ինչի՞ մասին պետք է խոսեր դեսպանը: Այդ դեպքում այնտեղի մասնակիցները ինչի՞ մասին են խոսել: Դրա մեջ զարմանալու բան չեմ տեսնում»:

Նրա խոսքով՝ ԵՄ դեսպանի հայտարարությունները պետք է ընդունել որպես գործընկերական կարծիք. «Դեսպանները հենց նրա համար են, որ Եվրամիության կարծիքները հայտնեն: Եթե նա չի փոխանցում Եվրամիության հավաքական կարծիքը, դա արդեն նրանց ներքին խնդիրն է: Բայց եթե դա Եվրամիության տեսակետն է, ապա այն պետք է ընդունել տեսակետ, որի միավորի հետ նույն Հայաստանը ցանկանում է հարաբերություններ ունենալ և պատրաստվում է մի քանի ամսից իրավական մեծ պայմանագիր կնքել: Ի՞նչ է, Հայաստանի ղեկավարները քի՞չ են կարծիք հայտնել Եվրամիությունում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ»,- նշեց նա:

Անդրադառնալով ԿԸՀ-ի կազմը փոխելու հետ կապված Սվիտալսկու հայտարարությանը, Պողոսյանը նշեց. «Սվիտալսկին բարձրաձայնել է շատ ու շատ քաղաքացիների կարծիքը: Ես դրա վերաբերյալ ԱԺ-ում դեռևս մեկ տարի առաջ եմ կարծիք հայտնել, որը շատ նման է Սվիտալսկու ասածին, որ իսկապես կառույցը պետք է վստահություն ներշնչի ՀՀ բնակիչների մոտ»: 

Հարցին՝ արդյոք Սվիտալսկին չէ՞ր փորձում հասարակության վստահությունը պետության նկատմամբ ավելի թուլացնել, Պողոսյանը պատասխանեց.

«Մեր ներքին ինստիտուտների պարտավորությունն է այնպես անել, որ հանրության վստահությունն ունենան: Այսօրվա իրավիճակը պարզելու համար կարելի է հարցում անել, մարդկանց պետք է հարցնել՝ վստահո՞ւմ են ԿԸՀ-ին, և ամեն ինչ պարզ կլինի: Այնպես որ, երբ փաստն ասում են գործընկերական ձևով, դա պետք է գնահատել, ոչ թե դրա դեմ տրամադրվել: Երբ հասարակական կազմակերպությունները, տարբեր քաղաքական ուժերը, բարձրաձայնում են այս հարցերը, բայց դրանք ուշադրություն չեն գրավում իշխանության կողմից, ապա ուրախ պետք է լինենք, որ կա մի ինստիտուտ, որի ասած հայտարարությունները միանգամից գրավում են մեր պետական ինստիտուտների ուշադրությունը: Եթե հանրության բարձրացրած խնդիրներին իշխանությունները միանգամից ուշադրություն դարձնեն, ապա որևէ երկրի ներկայացուցիչ չի կարող այլևս դերակատարություն ունենալ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մեր սխալը պետք չէ բարդել ուրիշի վրա:

Սոնա Հարությունյան