Նոր Եդեսիա գյուղում գայլերը հոշոտել են շուրջ 45 ոչխարի: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի ղեկավար Վահան Աբգարյանը:

Գյուղապետը պատմեց՝ ոչխարներից 6-ը գտնվել են սատկած վիճակում, մի քանիսը վիրավոր են, մյուսները անհայտ է, թե ուր են. «Հովիվն անցած գիշեր ամբողջ գյուղի հոտն արածացնելուց հետո ոչխարների մի մասին տուն չի բերել, թողել է դրսում: Նրա մեղքն այն է, որ հոտը բաժանելիս չի նկատել, որ ոչխարների մի մասը չկա: Առավոտյան գնացել են փնտրելու և տեսել են՝ ինչ է կատարվել»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ արդյոք տեղի ունեցածի պատասխանատվությունը հովի՞վն է կրելու, գյուղապետը պատասխանեց.

«Էդպես է դուրս գալիս: Կամ էլ՝ ինչպես գյուղական միջավայրում են ասում՝ գայլի խփածը չեն պահանջում»: 

Նա նշեց, եթե մի ոչխարն արժե 30.000-40.000 դրամ, ապա մոտավորապես 2 մլն դրամի վնաս է հատուցվել. «Դեռ չգիտենք ընտանիքներից յուրաքանչյուրը քանի ոչխար է կորցրել: Պետք է կարողանանք զիջել, եթե ընտանիքը մեկ ոչխար կորցրած լինի, կզիջեն, բայց եթե միանգամից մի քանի ոչխարի կորուստ ունեցած լինեն, դա արդեն դժվար հարց է»:

Համայնքապետը փոխանցեց, որ ստեղծված իրավիճակի հետ կապված արդեն դիմել է մարզպետարան:

Սոնա Հարությունյան