Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մամուլում և այլ հարթակներում ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ մայիսին հնչեցրած խոսքն այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստ է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում Հայաստանում 8 միլիարդանոց ներդրում կատարել: Առաջարկը, պետք է նկատել՝ չափազանց գրավիչ պետք է համարել՝ մանավանդ՝ հաշվի առնելով էներգետիկ ոլորտում մեր երկրի կախվածությունն օտար պետություններից. Միլսն, ըստ էության, Հայաստանի էներգետիկ զարգացման ավտոնոմ ծրագրի առաջրկությամբ էր հանդես եկել:

Պարզվում է՝ վերջապես Հայաստանի իշխանական շրջանակներից արձագանք է ստացվել Միլսի առաջարկին՝ ի դեմս Ամեն Աշոտյանի  հայտարարության: Լրագրողի հետ զրույցում Աշոտյանը չափազանց ուշագրավ ու միևնույն ժամանակ՝ երկակի տպավորություն թողնող հայտարարությամբ է հանդես եկել: Մի կողմից ողջունել է դեսպանի առաջարկը, մյուս կողմից՝ համոզմունք հայտնել, թե ավելորդ շտապողականությունն այս հարցում տեղին չէր լինի: Հարց է առաջանում՝ իրականում ի՞նչ է  ակնարկում Աշոտյանը, կամ ո՞վ է այդ հայտարարության իրական հասցեատերը: Մի բան անվիճելի է՝ հայտարարությունն արվել է ավելի շատ արտաքին լսարանի համար ու շատ կոնկրետ նպատակ է հետապնդում: Հաշվի առնելով հարցի մասշտաբայնությունը ու այն, թե  ինչպիսի հակասությունների տեղիք կարող է այն տալ, ինչպիսի գլոբալ շահեր է շոշափում, ենթադրելի է, որ հայտարարության հասցեատերն իրականում Մոսկվան է:

Ի՞նչ է ասում Աշոտյանը: Նա, ըստ էության, ողջունում է  ամերիկացիների նախաձեռնողականությունը՝ համարելով այն միանգամայն լուրջ հիմք ու հեռանկար ունեցող, միևնույն ժամանակ, սակայն, չշտապելով այն նյութականացնել: «Շտապեցնել մեր մասնագետներին, կառավարության համապատասխան օղակներին՝ պետք չէ, բայց միաժամանակ, իհարկե, աչք պահել այս հարցի հետագա քննարկման վրա, այն ուշադրության կենտրոնում պահել, պետք է»,- հայտարարում է Աշոտյանը: Հարց՝ ի՞նչ է ակնարկում Երևանը պարոն Աշոտյանի շուրթերով: Երևանի ասածը հետևյալն է՝ մենք գնահատում ենք հայ-ռուսական բարեկամությունն ու հանուն այդ բարեկամության՝ պատրաստ ենք նույիսկ ի հաշիվ Հայաստանի տնտեսական շահերի՝ չդիտարկել Մոսկվայի աշխարհաքաղաքական գլխավոր մրցակցի չափազանց գայթակղիչ  առաջարկը: Մյուս կողմից, սակայն, Երևանն ակնկալում է Կրեմլից համանման ու համարժեք վերաբերմունք Հայաստանի նկատմամբ (խոսքն առաջին հերթին, բնականբար, անվտանգության երաշխիքների մասին է, որ Երևանն ակնկալում է Մոսկվայից՝ կապված հատկապես արցախյան հակամարտության հետ)՝ ԱՄՆ-ի հետ խիստ սերտ հարաբերությունների հավանականությունն, ըստ էության, պայմանավորելով Մոսկվայի վարքով: Այլ կերպ ասած՝ Երևանն ունի ապագային միտված այլընտրանք, սակայն մտադիր չէ իր երեսը թեքել Կրեմլից: Կրեմլն էլ իր հերթին՝ պետք է գնահատի Հայաստանի այդ ժեստն ու ճակատագրական պահին չլքի Հայաստանին. հարկ եղած դեպքում նույն ԱՄՆ-ն միայն այլընտրանքային էներգետիկայի ոլորտում չէ, որ պատրաստ կլինի փող ներդնել:

Արդյոք Աշոտյանի յուրատեսակ մեսիջը ռուսները ճի՞շտ կընկալեն, թե՞ այն կհամարեն ինքնուրույնության ավելորդ դրսևորում, երևի թե պարզ կդառնա առաջիկայում, բայց որ Միլսի առաջարկությունն ամենևին էլ անտեղի չէր, անկասկած է…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ