Մաշտոցի 52 հասցեում շինարարական աշխատանքներ են ընթանում։ ԵՊՀ-ի երբեմնի հյուրատունն առաջիկայում վերածվելու է «Քրոուն պլազայի»։

Ամենայն հավանականությամբ՝ մինչև ձմեռ շինարարական աշխատանքները կավարտվեն, այս պահին դեռ ամրացնում են շենքի հիմքերը։ Ինչպես հիշում եք, ԵՊՀ-ի «Հյուրերի տունը» դեռ 2015 թվականին 2 մլրդ․ 2 մլն․ դրամով վաճառվել էր ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ «Դերժավի Արկադ»-ի հորը պատկանող «Էս Էռ Հոթել» ՍՊԸ-ին։ ԵՊՀ-ի «հավերժ» ռեկտոր Արամ Սիմոնյանը պատճառաբանել էր, որ այդ գումարով պետք է վերականգնեն մարզական համալիրը, որպեսզի «ուսանողների ֆիզկուլտուրայի եւ սպորտի դասերը եւ նրանց ֆիզիկական կուլտուրայով զբաղվելն ավելի նպատակասլաց լինի»։

Թե որքանով Սիմոնյանի բիզնես գործարքը կխթանի ուսանողների մարմնամարզական նպատակասլացությանը ՝ դժվար է ասել, բայց առավել խորը մտածելու դեպքում՝ հավերժ ռեկտորը գուցեև գիտակցեր, որ սույն գումարները կարելի է ուղղել, ասենք՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ուսման վարձերը զեղչելուն, ասել է թե՝ կրթական պրոցեսը խթանելուն, ինչն էլ պետք է լինի Մայր ԲՈւՀ-ի գլխավոր գործառույթը, մինչդեռ Սիմոնյանի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ նա իր ղեկավարած ԲՈՒՀ-ը շփոթել է ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հետ:

Այժմ անդրադառնանք նրան, թե որքանով է մեր հյուրանոցախեղդ եղած մայրքաղաքին անհրաժեշտ ևս մեկ սուպերգերժամանակակից և «թույն» ծառայություններով 5 աստղանի հերթական ճարտարապետական ողբերգությունը: Իհարկե, կասեն՝ տուրիզմ ենք զարգացնելու: Բայց այն, որ 4-5 աստղանի հյուրանոցները, որոնց առատության պակաս չի զգացվում Երևանում, թանկ են անգամ տուրիստների համար, անվիճելի է: Օրինակ, մեր հարևան Վրաստանում տուրիզմի զարգացման շոգեքարշը արդեն երկար ժամանակ է՝ հենց 2-3 աստղանի հյուրանոցներն են: Եվ արի ու տես՝ և տուրիստ ունեն, և շահույթ: Իսկ մեզ մնում է միայն քանդել շենք-շինությունները, լափել ստացված եկամուտները, տեղը կառուցել հերթական Պլազան, որի գները սրտից թույլ տուրիստների համար չեն բնավ ու բողոքել, թե ինչու ոչ մի կերպ գրավիչ չենք դառնում: Եվ իսկապես. ինչո՞ւ…

Ստելլա Խաչատրյան