Հայաստանում սկիզբ առած,բայց դեռևս իր արդյունքին չհասած օպտիմալացումը, պարզվում է,իսկական «խաթա» է դարձել հասարակ աշխատավոր մարդկանց գլխին:Մասնավորապես`  հայտնի է դարձել,որ Վերահսկիչ պալատում ծայր առած կրճատումները,որոնք հետզհետե է՛լ ավելի մասշտաբային դառնալու միտում են ձեռք բերում, ընթացել են Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի կոպիտ խախտումներով. մարդկանց իրավունքներ են ոտնահարվել, ու ստեղծվել է մի իրավիճակ, երբ աշխատանքից ազատվածները  բոլորովին անսպասելիորեն կանգնած են մնացել փաստի առաջ:

Ուշագրավն այստեղ,սակայն,մեկ այլ բան է` Մանվել Բադալյանի կողմից ղեկավարվող ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պահվածքը.այս կառույցը, փոխարենը մարդկանց օժանդակելու,հասնելու օրենքի գերակայությանն ու թեկուզ միայն հանուն սեփական պատվի մարդկանց տիրություն անելու,դեռ մի բան էլ մասնակից է դարձել կրճատումներին: Ու հիմա կամայականություններից տուժած քաղաքացիները ստիպված Սաքունցին են դիմել`պաշտպանելու իրենց ոտնահարված շահերը:

Այն, որ քաղաքացիական ծառայության ինստիտուտի ներդրման առաջին իսկ օրվանից կասկածներն առ այն,որ այս մարմինը կրելու է զուտ ձևական բնույթ, ժամանակի ընթացքում միայն խորացան,կհաստատաեն շատերը: Այն,ըստ էության, մոգոնվեց` Արևմուտքի «աչքին թոզ փչելու» մղումից ելնելով`տպավորություն ստեղծելու,թե մեզ մոտ ևս,ինչպես ասենք, Դանիայում, ԽԾԲ-ական ինստիտուտ,որպես այդպիսին, գոյություն չունի.մեր պետական աշխատողներից հեռու են կաշառք տալու, ծանոթ որոնելու, «լևի» ճանապարհներով գործ կպցնելու արատավոր երևույթները: Կարճ ժամանակ պահանջվեց, սակայն, որպեսզի բոլորին հասկանալի դառնա` գոնե Մանվել Բադալյանի ղեկավարման օրոք այս կառույցը հաջողություններ գրանցելու որևիցե շանս ուղղակի չի կարող ունենալ: Հետևաբար` մի շատ բնական հարց`  ինչո՞ւ պետք է մենք` հարկատուներս, մեր ուսերին կրենք այդ կառույցը պահելու ու կերակրելու բեռն, երբ ոչ ոքի, բացի թերևս դրա խորհրդի նախագահից, այն պետք չէ: Է՛, եթե պետք է նույնիսկ ակնհայտ ապօրինության վրա աչք փակեն ու ալարեն «մատը մատին տալուց», էլ ո՞րն է այդ կառույցի գոյության իմաստը…

Հուսանք` ապօրինությունից տուժած մարդիկ կհասնեն արդարության վերականգնմանը` Բադալյանի հետ, թե առանց նրա:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ