Արմավիրի մարզի Մեծամորի բժշկական կենտրոնը Հայաստանի էլցանցերին ունի 23 միլիոն դրամի պարտք: Սա կլիներ մեկը այն դեպքերից, երբ ՀԷՑ-ին պարտք են լինում պետական կառույցները:

Սակայն Մեծամորի բուժկենտրոնում որոշել են, որ աշխատակիցներն իրենց աշխատավարձից նվիրատվություն են անելու պարտքը մարելու համար՝ քույրերը քիչ, բժիշկները՝ շատ: Աշխատակիցները նվիրատվություն են անելու պարտքը մարելու համար: Դա էլ դեռ բավական չէ, կենտրոնի տնօրենը մամուլում հայտնում է, որ նախորդ անգամ էլ այդպես են արել: Այսինքն՝ դա պրակտիկա է ու սովորական երևույթ, իսկ եթե խոսենք անկեղծ՝ սա սովորական և դասական կոռուպցիա է, ընդ որում անթաքույց ու օրը ցերեկով: Օրինաչափություն է, և որևէ մեկի համար զարմանալի չէ անգամ, որ հիմնարկի պարտքերը փակում է աշխատողը: Հետաքրքիր է ո՞ր երկրում կարող ենք նման դեպքի հանդիպել: Իհարկե որևէ երկրում նման աղաղակող երևույթներ չեն կարող հանդիպել, երևույթներ որոնք ուղղակիորեն հակասում է աշխատանքային օրենսդրությանը, եթե նույնիսկ պարտքի համար նվիրատվություն է արվում կամավոր: Ի վերջո ինչպե՞ս ստուգել՝ իրապե՞ս կամավոր, թե՞ ոչ:

Միանգամայն պարզ է, որ եթե բուժհիմնարկը լավ չի կառավարվում, պարտքեր են գոյանում, ուրեմն պետք է փոխել կառավարչին, ոչ թե աշխատողների միջոցներով փակել վատ կառավարման հետևանքով կուտակված պարտքերը: Եթե խնդիրը կառավարումը չէ, ապա հարց է առաջանում, թե ո՞ւմ պարտքն է մարում կոլեկտիվը, ինչո՞ւ, ո՞ւմ փոխարեն: Այ սա է իսկական կոռուպցիան, որի վրա կարծես թե պատկան մարմինները աչք են փակում: Այս օրինակը ցավալիորեն ցույց է տալիս բուն խնդիրը, որ առկա է Հայաստանի կոռուպցիայի նախադրյալներում: Պետական մակարդակով կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողականությունը բերում է աղետների: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում, որը կենթադրի կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության իրականացում: Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ անհնար է կոռուպցիայի դեմ էֆեկտիվ պայքար մղել, եթե դրա համար համապատասխան միջավայր չի ստեղծվում, որը արգելք կհանդիսանա կոռուպցիոն դրսևորումների համար:

Միջավայրը կարծես թե պետք է փոխի կառավարությունը: Սակայն Հայաստանի կառավարության անդամները Հայաստանում խոշոր սեփականատերեր են, և նրանք չեն էլ թաքցնում այդ հանգամանքը՝ թաքնվելով այն հանգամանքի հետևում, որ Հայաստանի օրենսդրությունը չի արգելում սեփականություն ունենալ, բիզնես ունենալ, արգելում է պաշտոնը համատեղել բիզնեսի կառավարման հետ: Այդպես Հայաստանի պաշտոնյաներն ու պատգամավորներն ասում են, որ իրենք, իհարկե, բիզնես ունեն, բայց այդ բիզնեսի սեփականատերն են ընդամենը, ոչ թե կառավարիչը: Կամ՝ հնչում են արդարացումներ, թե իքս կամ իգրեկ բիզնեսը իրենցը չէ, այլ որդունը, դստերը, կնոջը, քենունը, զոքանչինը կամ այլ մերձավորինը: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիա:

Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելուց շաբաթներ անց հայտարարել էր, որ կոռուպցիայի դեմ կառույց ստեղծելով կոռուպցիան չի վերանում, եթե միջավայրը չի փոխվում: «Ես համոզված եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ խիստ անհրաժեշտ է մաքսիմալ վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարելով, N-երորդ կոռուպցիայի դեմ կառույց ստեղծելով կոռուպցիան չի վերանում, եթե միջավայրը չի փոխվում», - ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Սակայն փաստը մնում է փաստ, որ կառավարությունը մինչ օրս կոռուպցիայի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ստեղծել է միայն N-երորդ հանձնաժողովը, մինչդեռ միջավայրը ինչպես գաղջ եղել է, այնպես էլ գաղջ է:

 

Ստելլա Խաչատրյան