Երևան է ժամանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Գիա Կանչելին։ Հունիսի 18-20-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացնելու է Գիա Կանչելիին նվիրված փառատոն։ Ինչպես Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, կոմպոզիտորին դիմավորելու էին եկել փառատոնի կազմակերպիչները, Հայաստանում Վրաստանի դեսպանը, լրագրողներ։

Գիա Կանչելին, զրուցելով լրագրողների հետ, նշեց, որ շատ վաղուց է եղել Հայաստանում։ «Ես շատ երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ևս մեկ անգամ գալ Հայաստան, երկիր, որի հետ իմ կյանքի կեսն է կապված եղել։ Շուտով ես կլինեմ 82 տարեկան, և գրեթե կեսը անցկացրել եմ Դիլիջանի ստեղծագործական տանը, որտեղ ես գրել եմ իմ 6 սիմֆոնիաները, յուրաքանչյուրը ես գրել եմ 1-3 տարիների ընթացքում։ Եվ ամեն անգամ, երբ ավարտում էի իմ աշխատանքը, անպայման պետք է առաջինն այն ներկայացնեի Առնո Բաբաջանյանին, Էդուարդ Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Ավետ Տերտերյանին։ Ինձ համար մեծ պատիվ էր նրանց ցույց տալ իմ աշխատանքները և լսել նրանց կարծիքն ու դիտողությունները։ Ահա, դուք կարող եք պատկերացնել, թե որքան է իմ կյանքը կապված Հայաստանի, հատկապես Դիլիջանի հետ՚,- ասաց Գիա Կանչելին։

Փառատոնի շրջանակներում հունիսի 18-ին և 20-ին «Արամ Խաչատրյան՚ համերգասրահում տեղի կունենան սիմֆոնիկ համերգներ, որոնց ընթացքում կհնչեն կոմպոզիտորի մեծակտավ ստեղծագործությունները։ Իսկ հունիսի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա կամերային երաժշտության երեկո, որի ժամանակ բայանահար Ալեքսանդր Սևաստյանը և կլարնետահար Յուլիան Միլկիսը կներկայացնեն Գիա Կանչելիի հայտնի մեղեդիները՝ գրված թատրոնի և կինոյի համար:

Ստեղծագործությունները Հայաստանում հնչելու են առաջին անգամ: