Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի 10 համայնքներում հունիսի 18-ի առավոտյան մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: ՏԻՄ ընտրություններ են Արագածոտնի մարզի Մեծաձոր և Սաղմոսավան, Արարատի մարզի՝ Սուրենավան, Արմավիրի մարզի՝ Տարոնիկ, Գեղարքունիքի մարզի՝ Ազատ, Կոտայքի մարզի՝ Նոր Հաճն և Պռոշյան, Շիրակի մարզի՝ Բայանդուր, Կարմրաքար և Հովիտ համայնքներում։ Նշված համայնքներից 9-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ և մեկ համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 21 քաղաքացիներից 4-ը ներկայացրել է ինքնաբացարկիդիմում: Ավագանու անդամի գրանցված 6 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 1 թեկնածու: 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի 17 թեկնածուներից 2-ը և ավագանու անդամի 5 թեկնածուներից 1-ն իգական սեռի ներկայացուցիչներ են: ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 9 համայնքներից 3-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 4-ում` 2 թեկնածու և 2 համայնքում` 3 թեկնածու:

Հունիսի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում որևէ հասարակական կազմակերպություն չի հավատարմագրվել: