Կարճատև աշխատանքային այցելությամբ հունիսի 18-ին Կատարի մայրաքաղաք Դոհա ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հայաստանի ԱԳ նախարարն իր կատարցի գործընկերոջը հանձնեց Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։

Զրուցակիցները քննարկեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Դոհա կատարած այցելության ընթացքում Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Հանդիպմանն արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին քննարկեցին Մերձավոր Արևելքում, մասնավորապես Պարսից ծոցում և Կատարի շուրջ զարգացումները։ Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանն ավանդական ջերմ հարաբերություններ ունի արաբական երկրների հետ և մշտապես ամենայն ուշադրությամբ է հետևում իրադարձություններին արաբական աշխարհում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ բոլոր հարցերը պետք է լուծել երկխոսության միջոցով, քանզի դա հնավորություն է ընձեռում առավել լավ ընկալել միմյանց դիրքորոշումները և համատեղ լուծումներ գտնել»։