Հունիսի 18-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ:

Առաջադրված էին երկու թեկնածու՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արթուր Մուրադյանի հետ պայքարում էր անկուսակցական, ինքնաառաջադրված Արմենուհի Մելիքյանը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Պռոշյանի համայնքապետի թեկնածու Արմենուհի Մելիքյանը նշեց, որ ամփոփվել են համայնքի ընտրությունների արդյունքները:

«Հանրապետական կուսակցության հետ ոչ ոք չի կարող գլուխ հեծնել: Հանրապետական կուսակցությունը, որի հոգեհանգիստն էր երեկ մեր գյուղում, իր ամբողջ հնարավորություններն օգտագործեց ինձ հետ պայքարելու համար, որպեսզի իր անգրագետ թեկնածուին անցկացնի: Իրենց արածը Հանրապետական կուսակցության դեմքն է, երբ կիսամեռ մարդկանց անկողիններից հանել, 5000 դրամով բերել էին ընտրության: Հանրապետական կուսակցությունը վերակացուներ է նշանակում ամեն տեղ, այստեղ համակենտրոնացված ճամբարի օրենքներ են, այստեղ կա ողորմելի մուրացկանի հոգեբանություն, այստեղ կա թայֆա և խուլիգանություն»,- ընդգծեց Մելիքյանը:

Նա նշեց, որ իրեն ձայն են տվել ընհտրողների 10%-ը. «4000 ընտրողից ընտրությանը մասնակցել են 2000-ը, որոնցից 250 հոգին է ձայն տվել ինձ: Ընտրությունների ընթացքում քվեատուփեր չեն գողացել, իրար գլուխ չեն կոտրել, բայց իհարկե, ինչքան հնարավոր է՝ մարդկանց վրա ճնշում են գործադրել, 5000 դրամով ձայներ են առել: Ես շատ ուրախ եմ, որ իրենք գումարներ են ծախսել ու հետո չգիտեմ՝ ում պետք է թալանեն, որ այդ գումարները հետ բերեն»,- ասաց նա:

Սոնա Հարությունյան