Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հունիսի 18–ին հրավիրված նիստում որոշում է ընդունել կուսակցության Երեւանի ավագանու խմբակցության երկու անդամի նկատմամբ անվստահություն հայտնել եւ նրանց առաջարկել դադարեցնել ավագանու անդամի լիազորությունները։ «Անվստահության հիմք է ընդունվել Հայկ Պետրոսյանի եւ Մնացական Պարակշիեւի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին եւ սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաեւ երեւանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը», - ասված է «Երկիր Ծիրանի» խմբակցության հայտարարությունում:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Երևանի ավագանու անդամ Հայկ Պետրոսյանը նշեց, որ չի պատրաստվում մեկնաբանել կուսակցության տարածած հաղորդագրությունը. «Մի քանի ժամվա ընթացքում մենք կտարածենք մեր հայտարարությունը, որում կանդարադառնանք «Երկիր Ծիրանի» կուսակցության տարածած հայտարարության վերաբերյալ մեր դիրքորոշումներին: Ես այս պահին զերծ կմնամ «Երկիր Ծիրանի» կուսակցության մատնանշած անվստահության հիմքերի, սկզբունքներին դավաճանելու վերաբերյալ որևէ տեսակետ արտահայտելուց, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ խոսքը միայն ինձ չի վերաբերում»:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունից առաջադրված ավագանու անկուսակցական անդամը նաև հավելեց, որ քանի որ ինքը կուսակցության անդամ չէ, ուստի իր և «Երկիր Ծիրանի» կուսակցության շփման միակ շրջանակը Երևանի քաղաքի ծրագիրն է. «Հետևաբար, եթե ինձ պետք է մեղադրեն, պետք է դա անեն միայն Երևան քաղաքի ծրագրի շրջանակներում»: 

Հարցին՝ արդյոք պլանավորո՞ւմ է առաջիկայում դառնալ կուսակցական՝ Հայկ Պատրոսյանն ասաց. «Այս պահին՝ ո՛չ, նման մտադրություն չունեմ, բայց քանի որ այս դաշտը շատ արագ է զարգանում, ապագայի համար որևէ կանխատեսում անել չեմ կարող»: 

Աղավնի Սուքիասյան