Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Էմանուել Մակրոնի «Առաջ Հանրապետություն» կուսակցությունից թվով միանգամից 3 ֆրանսահայ պատմության մեջ առաջին անգամ պատգամավոր ընտրվեցին Ֆրանսիայի Ազգային ժողովում։ Ընտրված պատգամավորներն են՝ Ժակ Մարիլոսյանը ՝ Փարիզից, Դանիել Կազարյանը ՝ Լիոնից, 30-ամյա Գիյոմ Կասբարյանը՝ Շարտր քաղաքից։ Եվս մեկ պատգամավոր՝ Նադյա Եսայանը, որի ամուսինն է հայազգի, ընտրվել է Վիերզոն քաղաքից։

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ Ֆրանսիայի ժողովուրդը շատ կարևոր ընտրություն է կատարել՝ նախընտրելով Էմանուել Մակրոնին. «Ֆրանսիայի ժողովուրդը գնաց ոչ թե պոպուլիզմի, այլ՝ ժողովրդավարության և եվրաինտեգրացիայի ճանապարհով: Սա շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ Ֆրանսիայից և Գերմանիայից շատ բան է կախված, թե ինչ կլինի Եվրամիության հետ մոտ ապագայում:

Ընտրությունները Ավստրիայում, Հոլանդիայում, այժմ նաև Ֆրանսիայում՝ ցույց տվեցին, որ այնուամենայնիվ, Եվրոպայում միգրացիայի կորիզն ուժեղանում է, որը կարևոր է նաև Հայաստանի համար»,- ասաց Գրիգորյանը:

Նա ընդգծեց՝ Մակրոնի ընտրությունը նշանակում է Եվրամիության ուժեղացում:

Ըստ քաղաքագետի՝ Մակրոնը հաղթեց, քանի որ կողմ է և ժողովրդավարությանը, և նրան, որ շարունակվի ինտեգրացիան: «Ակնհայտ էր, որ հայ համայնքը կողմնակից էր Մակրոնին. նշենք՝ Մակրոնը արտահայտվել է նաև Արցախի հարցի մասին՝ ասելով, որ Արցախի հարցով Ֆրանսիան միշտ ակտիվ է մնալու Մինսկի խմբում: Հիշենք նաև՝ Մակրոնը բարձրացրել է ցեղասպանության հարցը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ սա է պատճառը նաև, որ հայ համայնքը ակտիվ մասնակցություն ունեցավ ընտրություններին և դրա ուղղակի հետևանքը եղավ այն, որ նվազագույնը երեք հայ պատգամավոր ունեցանք Ֆրանսիայի ԱԺ-ում, որոնք ընտրվեցին Մակրոնի կուսակցության միջոցով: 

Գրիգորյանը կարծիք հայտնեց, եթե քաղաքական էլիտայում հայերի թիվն աճում է, սա նշանակում է, որ հայերի դերն էլ ավելի կաճի ամբողջ երկրում. «Քանի որ ընտրված պատգամավորները պաշտպանելու են Ֆրանսիայի շահերը, և սրանով մեծացնելու են հայերի լուման Ֆրանսիան ուժեղացնելու մեջ, սրա հետևանքով այնտեղ կմեծանա նաև հայերի հեղինակությունը: Հայերը կինտեգրվեն Ֆրանսիայի հասարակության մեջ և նրանց սոցիալական, տնտեսական, քաղաքական կարգավիճակն էլ ավելի կբարձրանա»,- նշեց քաղաքագետը:

Սոնա Հարությունյան