Ինչպես հայտնի է, հունիսի 16-18-ն Արցախում անցկացվում էր հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը, որի հիմնական թեման, թերևս, հարկ է Արցախի անվտանգությունը համարել: Ճիշտ է՝ համաժողովին մասնակից քաղաքական ուժերի միջև կայացել էին քննարկումներ նաև ժողովրդավարության, միջկուսակցական համագործակցության և այլ  թեմաներով, անկասկած, սակայն, ոչ միայն քննարկումների թիվ մեկ թեման, այլև կայացած համաժողովի բուն նպատակն Արցախի անվտանգությանն առնչվող հարցը պետք է համարել: Վերջին շրջանում, պետք է նկատել, արցախյան հարցի շուրջ իրավիճակի թեժացման նշաններ են հայտնվել. զորավարժություններ, Մինսկի խմբի հապճեպ այց տարածաշրջան, ալիևյան տխմար հռետորաբանության սրացում, արևմուտքից եկող ազդանշաններ, Լուկաշենկոյի նյարդային արձագանք` Բրայզայի հնչեցրած մտքերին և այլն: Մի խոսքով՝ ավելի քան շիկացած իրավիճակ, որը կարող է հղի լինել ամենալուրջ ռազմաքաղաքական բախումներով:

Եվ ահա այս ամենի ֆոնին Արցախում տեղի է ունենում իրադարձություն, որը, բնականաբար, չի կարող ինքնաբուխ կամ, առավել ևս, ինքնանպատակ լինել: Իրականում ոչ միայն եզրափակիչ բանաձևն, այլև քննարկումների ժամանակ հնչած ելույթները, ռեպլիկները, լրագրողների հետ շփումների ժամանակ քաղաքական գործիչների կողմից հնչեցրած մտքերն անսխալ կերպով  հուշում են, որ հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի անցկացումն Արցախում հստակ ուղերձ է իր մեջ պարունակում՝ ուղղված ադրբեջանական իշխանություններին ու, ինչու ոչ, նաև դրանց հովոնավորող ուժերին. հայկական կողմը, գործի դնելով դիվանագիտության նուրբ լեզուն ու, բնականաբար, իր քայլերը համաձայնեցենլով Կրեմլի հետ, փորձում է  հասկացնել Ալիևին, որ եթե վերջինս չանսա միջազգային հանրության հորդորներին, չսթափվի ու պատերազմ սանձազերծի, որի հնարավորությունը բավական բարձր է, հայկական կողմն անմիջապես ճանաչելու է Արցախի Հանրապետությունը, ինչն այլևս փակելու է հետագա հնարավոր խաղաղ բանակցությունների դուռը. այս պարագայում Հայաստանն է փորձում ճնշում բանեցնել Բաքվի նկատմամբ, քանի որ եթե Հայաստանը ճանաչում է Արցախի անկախությունն, ապա Բաքվի հետ բանակցային սեղանի շուրջ նստելու իմաստն իսկույն վերանում է: Դա, ըստ էության, յուրատեսակ ռուբիկոն  է, որն անցնելուց հետո հետադարձ ճանապարհ չի լինելու:

Այստեղ, սակայն, կարևոր է  գիտակցել, որ հայկական կողմը դեռևս ձեռնպահ է մնում Ադրբեջանի հետ շանտաժի խիստ լեզվով խոսելուց, ու տեղի ունեցածն ավելի շատ նախազգուշացում պետք է համարել. մասնավորապես՝ Արմեն Աշոտյանը, խոսելով Հայաստանի կողմից Արցախի հնարավոր ճանաչման թեմայով, այդ քայլը համարել էր հայկական դիվանագիտության զինանոցում գտնվող յուրատեսակ միջուկային ռումբ, որը գործի դնելու ժամանակը դեռևս չի հասունացել:

Թե ինչ հետևություններ կանի Ալիևն իրեն հղած ազդանշանից կամ կանի, արդյոք, թե ոչ, երևի թե կպարզվի Մինսկի խմբի համանախագահների՝ Բաքու կատարած այցի արդյունքերից.  Բաքուն պետք է հասկանա, որ կամակոր պատանու իր  պահվածքը չի կարող հավերժ տևել. արարքների համար պետք է պատասխանատվություն կրել:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ