Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերության մանկական հագուստի նորաբաց արտադրամաս: Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասով, ծանոթացել արտադրական հզորություններին և ընկերության առաջիկա ծրագրերին:

Տեղեկացվել է, որ մանկական հագուստի արտադրանքի ամբողջ խմբաքանակն արտահանվում է Ռուսաստան՝ հայտնի «Детский Мир» խանութների ցանցի պատվերով: 2017 թվականի հունվարից բացված արտադրամասում աշխատում է 350 մարդ: «Ալեքս տեքստիլ»-ը նախատեսում է առաջիկա մեկ տարվա ընթացքում հիմնել հինգ նոր արտադրամաս՝ ստեղծելով 7 հազար 5 հարյուր նոր աշխատատեղ:

Այնուհետև վարչապետը եղել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Հելլո» ընկերությունում, որն արտադրում է «Հելլո բժշկական», «Յու ընդ Մի» և «Արտսոքս» ապրանքանիշի տրիկոտաժե ապրանքներ: Ընկերության արտադրանքի մի մասն իրացվում է ներքին շուկայում, իսկ մնացածն արտահանվում Վրաստան, Ռուսաստան և Մեծ Բրիտանիա: Ընկերությունում աշխատում է 100 մարդ: «Հելլո»-ն նախատեսում է նոր ներդրումների արդյունքում աշխատատեղերի թիվն առաջիկա տարվա ընթացքում կրկնապատկել:

Վարչապետը կարևորել է Հայաստանում տեքստիլի արտադրության զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ: Կարեն Կարապետյանն ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է առաջիկա ներդրումային ծրագրերին, արտադրությունների ընդլայնմանը և կառավարության աջակցության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր:

Նկատենք, որ «Ալեքս տեքստիլ»-ը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: Վերջերս, երբ լրագրողները Ալեքսանյանից հարցրել էին` ճի՞շտ են լուրերը, թե իր դստեր հարսանիքին մեկ միլիոն դոլար է վճարել, որպեսզի աշխարհահռչակ փոփ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը երգի, պատասխանել էր. «Ջասթինն ո՞վ ա, ազիզ ջան, ես ըսկի չեմ իմանում Ջասթինն ով ա: Մեր դստեր հարսանիքին ոչ մեկ չի եղել, սաղ Հայաստանից են եղել: Թե էդ ով ա գրում, էդ ինֆորմացիան ով ա տարածում, չեմ իմանում: Մի հատ երգիչ ա եղել, չեմ էլ իմանում ով ա, ընկերս էր հենց ընենց իրա կողմից բերել: Կամ էլ մամուլն էդ ձեր ասածի պես գրել ա, որ մի միլիոն փող եմ տվել, երգիչ եմ բերել, ճի՞շտ ա, թե՝ չէ: Ախր էդ մի միլիոն դոլարը, որ ես երգիչի տայի, դրա տեղը մի հատ լավ արտադրություն կասեի, էրեխեքը կդնեին, իմ համար էտի եքա փող ա, մի հատ լավ տրիկոտաժի՝ մի 500 տեղանոց արտադրություն կդնեի»: