Ամեն անգամ, երբ այս կամ այն առիթով հնչում է քննադատություն կառավարության կամ, առհասարակ, իշխանությունների հասցեին, հատկապես մի շարք իշխանական պատգամավորներ հաճախ հայտարարում են, թե շատ քննադատությունները բնավ էլ տեղին չեն, իսկ քննադատողներն էլ իրենց խոսքն ավելի գրավիչ կամ համոզիչ դարձնելու համար գնում են գույների խտացման ճանապարհով. իբր ասում են ավելին, քան իրականում կա:

Համաշխարհային բանկը նոր զեկույց է հրապարակել Հայաստանի վերաբերյալ՝ «Հայաստան. երկրի համակարգված գնահատում» անվամբ, ուր բավական մանրամասնորեն նկարագրված են այն սուբյեկտիվ խոչընդոտները, որոնց պատճառով մեր երկիրն ուղղակի գործնականում դադարել է զարգանալ: Այսպես՝ պարզվում է՝ Եվրոպական և Կենտրոնական Ասիայի այլ երկրների համեմատ պոտենցիալ ներդրողները Հայաստանում մեծ ռիսկերի են հանդիպում, որոնք գրեթե բացառապես կապված են անձնական շահերի, հովանավորչության և անբարեխիղճ մրցակցության դրսևորումների հետ: Ուշագրավն այստեղ այն է, որ ՀԲ-ն փաստացի պատերազմական դրությունը, որում Հայաստանը գտնվում է, որպես հիմնական խոչընդոտ չի դիտարկում: Ավելին՝ նույն զեկույցից պարզում ենք, որ մեր երկիրը գործնականում մատը մատին չի տալիս՝ դրսից ներդրումներ ներգրավելու համար: «Աշխարհում ապրում է 9-11 միլիոն հայկական ծագում ունեցող մարդ: Լիարժեք օգտագործված չէ սփյուռքի ներուժը՝ ի աջակցություն միջազգային առևտրի ծավալների, ներդրումային հոսքերի ավելացման, գիտելիքի փոխանցման և նորարարության»,-նշված է զեկույցում: ՀԲ-ն հսկայական խնդիրներ է տեսել նաև գյուղատնտեսության ոլորտում, ՓՄՁ-ներ-պետություն հարաբերություններում, կրթության ոլորտում և այլն: Ընդ որում՝ մի շարք ցուցանիշներ ավելի վատն են, քան նախկինում էին:

Իհարկե, Համաշխարհային բանկի զեկույցում տեղ գտած բոլոր նկատառումների մասին կարելի է խոսել երկար ու ցուցանիշներ մեջբերել անվերջ, սակայն, ասվածն էլ բավական է՝ լիարժեք պատկերացում կազմելու համար, թե ինչ է կատարվում Հայաստանում: Փաստորեն՝ ժամանակի հետ առաջ գնալու փոխարեն միայն հետ ենք նահանջում ու, որ ամենակարևորն ու ցավալին է, նահանջում ենք գլխավորապես մեր թափթփվածության ու անհետևողականության արդյունքում, այլ ոչ թե օբյեկտիվ դրդապատճառների հետևանքով:

Իրականում, սակայն, Համաշխարհային բանկը մեծ հայտնագործություն չի արել. այս ամենի մասին կարող է պատմել ցանկացած տաքսիստ ու կարկանդակավաճառ: Պարզապես, ՀԲ զեկույցը մի շատ կարևոր բան է փաստում՝ բոլոր ժողովրդական խոսակցությունները Հայաստանում տիրող աղետալի վիճակի մասին գիտականորեն հիմնավորված են:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ