Հույսը, թե հայկական կողմին ու միջազգային հանրությանն ինչ-որ կերպ կհաջողվի ստիպել Ադրբեջանին՝ հետ կանգնելու հերթական արկածախնդրության գնալու մտքից, կարծես չի արդարացվում: Ու չնայած եռանախագահները ջանք ու եռանդ չեն խնայում Ալիևի գլուխը մտցնելու, որ խաղաղությանն այլընտրանք լինել ուղղակի չի կարող ու հատուկ այդ նպատակով նույնիսկ Բաքու էլ էին այցելել, սակայն դատելով Ադրբեջանից եկող արձագանքներից ու այնտեղից լսվող մոլեգին հռետորաբանությունից՝ Բաքուն վերջնակնապես լկտիացել է: Այսպիսով՝ ի՞նչ է կատարվում արցախյան հարցում:

Գլոբալ առումով կատարվում է հետևյալը. Ալիևը, հույսը կորցնելով Մոսկվայից ու միևնույն ժամանակ ստանալով Արևմուտքի աջակցությունը՝ փորձում է ռուսներին փաստի առաջ կանգնեցնել, եթե կուզեք պատժել՝ գնալով մի քայլի, որը կարող է իսկական պայթող վառոդի տակառի դեր խաղալ ողջ տարածաշրջանում՝ հօդս ցնդեցնելով Անդրկովկասում Կրեմլի ունեցած բոլոր պլանները: Իր այդ ձգտման մեջ, ինչպես նշեցինք, ազերի ղեկավարը միայնակ չէ. Ռուսաստանին յուրատեսակ շանտաժի ենթարկելու պրակտիկան այսօր բնորոշ է հատկապես Արևմուտքին, որի խամաճիկի դերում հանդես եկող Թուրքիան Անդրկովկասում իր հենարանը դարձած Ադրբեջանի միջոցով փորձում է ամեն կերպ ապակայունություն սերմանել ողջ Անդրկովկասում: Ի դեպ՝ լայնամասշտաբ զորավարժությունների ֆոնին Ալիևի օգնական Հասանովի վերջին հայտարարությունը, որով ադրբեջանցի պաշտոնյան վերահաստատել է Բաքվի մաքսիմալիստական կեցվածքն ու, ըստ էության, «սուր ճոճել» Երևանի դեմ, հաստատում են այն մտավախությունները, որ Բրայզայի հնչեցրած վերջին առաջարկները, որոնք Լուկաշենկոյի բերանով արդեն հասցրել է մերժել Կրեմլը, չէին կարող անհետևանք մնալ. հայկական կողմի նոր զոհերն ասվածի լիարժեք ապացույցն են:

Մեկ բան, սակայն, հստակ է՝ Ադրբեջանի հռետորաբանության  ագրեսիվացումը, սահմանային իրավիճակի սրացումները, անխուսափելի թվացող պատերազմի շունչը ոչ մի կերպ չի կարելի Բաքվի կամայականության արդյունք համարել. սա աշխարհաքաղաքական ուժերի միջև արցախյան խնդրի շուրջ  կոնսենսուսի չգոյության արդյունք է, շահերի բախման հետևանք: Ռուսաստանը, հստակ վտանգ զգալով, փորձում է հնարավորինս զսպել Վաշինգտոնին՝ ամրապնդելու դիրքերը արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ դրա համար օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները (ի դեպ՝ ռուս-ադրբեջանական այլևս անցյալում մնացած բարեկամական հարաբերություններն, երբ Մոսկվան փորձում էր ամեն կերպ սիրաշահել Բաքվին ու նրան պոկել Արևմուտքի գրկից, ոչ այլ ինչ էին, եթե ոչ ՌԴ կողմից ԱՄՆ շահերին հարված հասցնելու ձախողված փորձ: Փորձ, որն իրականում կարող էր ռուսների համար իսկական ողբերգության վերածվել ու դուրս հրել այդ երկիրը ողջ տարածաշրջանից): Արևմուտքն էլ իր հերթին փորձելով ճնշում գործադրել Կրեմլի վրա, ջանում է Անդրիկովկասում մեծ ու արյունալի պատերազմի սպառնալիքը միանգամայն իրական դարձնել:

Սակայն մի բան պետք է պարզ լինի բոլորին՝ աշխարհաքաղաքական որևիցե կենտրոնի համար արցախյան հարցի վերջնական լուծումն այս պահին որևիցե կերպ ձեռնտու չէ. հակամարտող կողմերի միջև տեսականորեն հնարավոր խաղաղության պայմանագիրն էականորեն կթուլացնի համապատասխան երկրների ազդեցության լծակները՝ թե՛ մեր, թե՛ ազերիների նկատմամբ, ինչը  բառիս բուն իմաստով կարող է թանկ արժենալ գերտերությունների համար, քանի որ դրանք տարածաշրջանում սեփական կշիռը չկորցնելու համար այլևս ստիպված են լինելու շանտաժի փոխարեն բանեցնել կողմերին նյութականապես սիրաշահելու քաղաքականություն: Հետևաբար՝ նույնիսկ ամենաարյունալի պատերազմը կամ ասենք հայկական կողմի՝ ռազմի դաշտում ազերիներին ոչնչացնելու հանգամանքը չեն կարող այս խնդրի վերջակետը դառնալ. Արցախը հայտնվել է գերտերությունների հակասությունների շրջանակում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով հանդերձ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ