ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2000 թվականին հունիսի 20-ն ընդունվել է որպես Փախստականների միջազգային օր: Տարիներ շարունակ տարբեր երկրներ ունեցել են փախստականներին նվիրված իրենց հիշարժան օրերը: Ամենաճանաչվածներից մեկը համարվում էր մի շարք երկրներում հունիսի 20-ին նշվող աֆրիկյան փախստականների օրը: 2000 թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան, ցույց տալով իր զորակցությունը Աֆրիկային, որտեղ մեծ թվով փախստականներ կային, միաձայն որոշում ընդունեց հունիսի 20-ն ամեն տարի որպես Փախստականների միջազգային օր նշելու մասին:
Այս օրը այն փաստի հաստատումն է, որ Երկրի վրա պատերազմները չեն դադարում: Դրանց հետևանքով տարեցտարի ավելանում է փախստականների, տեղահանվածների թիվը: 2016 թվականի վերջի տվյալներով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մտահոգության շրջանակում հայտնվել է 65 մլն անձ: Նրանք և’ փախստականներ են, և’ ապաստան հայցողներ, ինչպես նաև ներքին տեղահանված, քաղաքացիություն չունեցող անձինք: Այս 65 մլն ցուցանիշը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ թիվն է, որ գրանցվել է: 2009 թվականին այս թիվը եղել է 30 մլն, 2012 թվականին' 45 մլն: Մեծ թվով ապաստան հայցող քաղաքացիները եղել են Սիրիայից, 2012 թվականից սկսած Սիրիայում գրանցվել է 12 մլն տեղահանված անձ: Մյուս երկրները, որտեղից մեծ թվով մարդիկ են տեղահանվել, Աֆղանստանն է, Սոմալին, Հարավային Սուդանը, Սուդանը: Մեծ թվով փախստականներ ընդունած երկրներն են' Թուրքիան, Պակիստանը, Լիբանանը: Մասնագետները նշում են, որ տեղահանվածներից յուրաքանչյուր երկրորդ անձը երեխա է:

Սիրիական պատերազմի հետևանքով տեղահանվածների է ընդունել նաև Հայաստանը: Պատերազմի բռնկվելուց ի վեր, Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիահայի: Հայաստանում նրանց նկատմամբ չի տարվում որպես փախստականների քաղաքականություն: Սիրիահայերի համար հնարավորինս պարզեցվել է քաղաքացիություն ստանալու գործընթացը, արդյունքում մեծ մասը ստացել է ՀՀ քաղաքացիություն:

ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակն ընդգծում է, որ աշխարհում, բռնությունն ամեն օր ստիպում է հարյուրավոր մարդկանց փախչել սեփական տներից, այս պայմաններում առավել կարևորվում է միջազգային հանրության ցուցաբերած աջակցությունը: Այդ նպատակով 2016 թվականի հունիսի 20-ին ՄԱԿ-ը կյանքի կոչեց Փախստականների կողքին ( #WithRefugees) նախաձեռնությունը: Այս նախաձեռնությամբ կոչ է արվում տարբեր երկրների կառավարություններին համակարգված ջանք գործադրել փախստականներին աջակցելու համար: Կոչ է արվում երկրներին փախստականների համար ապահովել բնակության անվտանգ վայր, կրթություն ստանալու, աշխատելու հնարավորություն: