Հայաստանի կառավարության ծրագրի համաձայն՝ համայնքների խոշորացում կիրականացվի նաև Վայոց Ձորի մարզում: Մարզում նախատեսվում է թվով 8 գյուղ (Արենի, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ) խոշորացնել` դրանք միացնելով իրար: Խոշորացման արդյունքում համայնքային կենտրոն է դառնալու Արենին:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արփիի համայնքապետ Ռազմիկ Վարդանյանն ասաց, որ կառավարության կողմից խոշորացման ծրագիրը ճիշտ չէ. «Խոշորացման հետևանքով շատ խնդիրներ կունենանք. կավելանան գործազուրկները, մարդիկ գործից դուրս գալու հետևանքով պարտքերի ու վարկերի տակ կընկնեն, կառաջանա արտագաղթ, մարդիկ դռները կփակեն, կգնան: Կդառնա խառնաշփոթ, քանի որ յուրաքանչյուր գյուղ իր սովորույթները, կարգ ու կանոնն ունի»: 

Համայնքապետը նշեց, որ կառավարությունը, մարզպետարանը համայնքի բնակիչների հետ չի քննարկել խոշորացման հարցը, սակայն քննարկումներ են եղել համայնքների ղեկավարների հետ, ովքեր հայտնել են իրենց դժգոհությունները:

Նրա կարծիքով՝ լավ կլիներ, եթե Արփի համայնքը միանար Եղեգնաձորին. «Առաջին ծրագրով մեր համայնքը միանալու էր Եղեգնաձորին և այդպես ավելի լավ կլիներ, քանի որ քաղաքը զարգացած է, տեխնիկաներ ունի, բոլոր հիմնարկներն այնտեղ են կենտրոնացված, կարող էինք օգտվել ամեն ինչից:

Արփին ավելի մոտ է Եղեգնաձորին, քան Արենիին: Բացի դա՝ բնակիչները պետք է հետադարձ ճանապարհ կատարեն. որևէ թղթի համար մարդիկ պետք է գնան Արենի, նորից հետ գան ու գնան Եղեգնաձոր»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հույս չունեն, թե ծրագրի հետևանքով համայնքների վիճակը կլավանա, քանի որ նման դեպքերում միշտ վատ է լինում:

Մեզ հետ զրույցում Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը նշեց, որ խոշորացման ծրագրին դեմ չէ. «Սկզբում, երբ լսեցի, մտածեցի՝ շատ վատ է լինելու, բայց երբ ծանոթացա, հասկացա, որ ոչինչ չի փոխվելու. գյուղացին նույն ծառայությունները տեղում ստանալու է»:

Հուսիկ Սահակյանի կարծիքով՝ խոշորացման ծրագիրը կարող է նույնիսկ օգուտ տալ գյուղերին և գլոբալ խնդիրներ լուծել. «Այսօր ոչ մի համայնք իր բյուջեով չի կարող որևէ խնդիր լուծել: Իսկ խոշորացման արդյունքում շատ խնդիրներ կլուծվեն»:

Սոնա Հարությունյան