Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Կառավարության արտահերթ նիստում ներկայացրեց Կառավարության հինգ տարվա ծրագիրը, որը Գործադիրն արժանացրեց հավանության: Հունիսի 21-ին ԱԺ-ում վարչապետը կպաշտպանի իր ղեկավարած կառավարության հինգամյան ծրագիրը: Ի տարբերություն նախորդի, որն ընդամենը մի քանի ամսվա կառավարության ծրագիր էր, այս մեկում մատնանշված խնդիրների ու դրանց լուծման ուղիների համար նախատեսված է ոչ թե մեկ, այլ հինգ տարի ժամանակահատված: Մասնավորապես, ըստ Կառավարության ծրագրի՝ մշակութային քաղաքականությունն ուղղված է լինելու հոգևոր և ազգային ավանդույթների վրա խարսխված մշակութային միջավայրի ձևավորմանը, մրցունակ մշակութային արտադրանքի ստեղծմանը և այլն: ՀՀ կառավարությունն առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու մշակույթի ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործմանը, որի նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2017 թվականի ավարտը ներկայացնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի շրջանակում նախատեսվում է մինչև 2018 թվականի ավարտը մշակել «Հուշարձանների պետական ցուցակում նորահայտ օբյեկտ ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչները հաստատելու մասին» իրավական ակտի նախագիծը:

Կառավարության ծրագրով նախատեսվում է 2017-2022 թվականների ընթացքում ընդլայնել գրավաճառ ցանցը՝ այդ թվում մեկնարկել նաև շարժական գրախանութների՝ «գրաբուսների» գործարկումը մարզերում:

Հայաստանում կինոարտադրության զարգացմանն ուղղված՝ կառավարման ժամանակակից մոդելի ներդրման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2017 թվականի ավարտն ստեղծել «Ֆիլմ հանձնակատարի» ինստիտուտը:

Մարզերում մշակութային ծառայությունների համաչափության, մատչելիության և հասանելիության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2018 թվականից գործարկել մարզերում նոր ձևավորված մշակութային միավորումների և անհատների ստեղծագործական ծրագրերին աջակցության ծրագիրը, որի համաձայն՝ 2018-2022 թվականների ընթացքում նախատեսվում է շարունակել «Մշակութային կանգառ» ծրագրի իրականացումը: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի շուրջ 400 բազմաբնույթ (թատերահամերգային միջոցառումներ, կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ) միջոցառումներ կիրականացվեն: 2018 թվականից սկսած՝ նախատեսվում է ընդլայնել ծրագիրը շարժական կինոթատրոնների ներդրմամբ, որի արդյունքում Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում տարեկան մինչև 200 կինոցուցադրություն կկազմակերպվի:

Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և սոցիալական մեդիայի ռեսուրսներում մշակութային բաղադրիչի ընդլայնման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2018 թվականից սկսած՝ մեկնարկել պատմամշակութային ժառանգությունը, ժամանակակից արվեստը ներկայացնող, կրթական, դաստիարակչական ուղղվածություն ունեցող գիտահանրամատչելի և ճանաչողական հեռուստահաղորդումների ստեղծման աշխատանքները: Դրանից բացի՝ 2018-2022 թվականների ընթացքում հեռուստատեսությամբ, ռադիոյով, մամուլով
և սոցիալական մեդիայով հռչակել մշակութային կյանքի, արդի ստեղծագործողների
գործունեությունը, լուսաբանել մշակութային անցուդարձը:

Հ.Գ. Գուցե այս ծրագրի շրջանակներում, ազգին մշակույթին ավելի մոտ պահելու համար մեր հեռուստաալիքները հրաժարվեն հնդկական սերիալների ցուցադրման գայթակղությնից՝ դրանք փոխարինելով բարձրարժեք ճանաչողական հեռուստահաղորդումներով: