Երեկվանից համացանցում տարածվում է տեղեկատվություն, ըստ որի, հայկական զինուժն ադրբեջանական ագրեսիային պատասխանել է խիստ պատժիչ գործողություններով, որի արդյունքում գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները ղեկավարող և անմիջական հրաման իջեցնող Նատիգ Ղուրբանովը: Վերջինս կոմայի մեջ է, գտնվում է Բաքվի մասնագիտացված հիվանդանոցներից մեկում:

Հենց Ղուրբանովի անմիջական հրամանով էր հունիսի 17-ին ու 18-ին, շփման գծի արևելյան ուղղությամբ սադրանքներ իրականացվել, ինչի արդյունքում հայկական կողմը 3 զոհ է ունեցել:

Այն, որ հայկական կողմը դիմում է կոշտ պատասխանների, հաստատել է նաև ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։ Նա նշել է, որ հակառակորդը հունիսի 16-ից սկսած՝ անընդհատ կորուստներ ունի, սակայն սովորության համաձայն՝ չի հրապարակում դրանք. «Համենայն դեպս, մենք նման տեղեկություններ ունենք, սակայն, քանի որ տեսագրություն չունենք, սովորության համաձայն, այդ մասին չենք խոսում։ Բայց որ արժանի պատասխան ստացել և ստանում են, դա միանշանակ է»,-168.am-ի հետ զրույցում ասել է նա:

Ռազմ.Info-ի փոխանցմամբ՝ հունիսի 20-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը փոխանցել է այդ երկրի պաշտպանության նախարարության հերքումը, որն իրականում ավելի շատ հաստատում է հայկական կողմի հայտնած լուրը։ Այսպիսով, Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է միայն Նատիգ Ղուրբանով անունով բրիգադի հրամանատարի տեղակալի գոյության փաստը: Այնուամենայնիվ, չի հերքվում այդ կամ նման անունով կամ նման պաշտոն զբաղեցնող զինծառայողի՝ ծանր վիրավորվելու փաստը:

Ամենայն հավանականությամբ՝ կամ Նատիգ Ղուրբանով անվամբ զինծառայող է վիրավորվել, որը սակայն, այլ պաշտոն էր զբաղեցնում, կամ էլ բրիգադի հրամանատարի տեղակալ է ծանր վիրավորվել, որի անունը, սակայն, Նատիգ Ղուրբանով չէ: