Եվրոպացիների ավելի քան 60 տոկոսն այն կարծիքին է, որ ԵՄ-ն չպետք է Մեծ Բրիտանիային զիջումներ անի Brexit-ի շուրջ բանակցություններում: Այդ մասին վկայում են այն հարցման արդյունքները, որը Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտն անցկացրել է Kantar ընկերության հետ համատեղ:

Հարցումը կատարվել է երկու խմբերի՝ էլիտաների ներկայացուցիչների (1823 մարդ) եւ հասարակ բնակիչների (10 հազար 195) շրջանում՝ Եվրամիության տասը երկրներում: Այսպես, էլիտաների ներկայացուցիչների 68 տոկոսը եւ շարքային եվրոպացիների 61 տոկոսը հանդես են եկել հօգուտ այն բանի, որ Եվրամիությունը լավ հարաբերություններ պահպանի Միացյալ Թագավորության հետ, բայց նրան լուրջ զիջումներ չանի Brexit-ի շուրջ բանակցություններում: Ընդսմին էլիտաների ներկայացուցիչների 10 տոկոսը եւ շարքային քաղաքացիների 16 տոկոսը կարծում է, որ ԵՄ-ն ոչ մի զիջման չպետք է գնա նույնիսկ չնայած հարաբերությունների հնարավոր վատացմանը:

Ըստ հետազոտության արդյունքների, ԵՄ-ի քաղաքացիների միայն երրորդ մասն է (34 տոկոսը) այն կարծիքին, որ իրենց երկիրը շահել է միությանն անդամակցելուց: Մինչդեռ էլիտաների ներկայացուցիչների շրջանում այդ կարծիքին է հարցվածների գրեթե երկու երրորդը (71 տոկոսը): Շարքային քաղաքացիների թվից հարցման մասնակիցների կեսից ավելին նաեւ կարծում է, որ իրենց երկրում կյանքն ավելի լավ էր քսան տարի առաջ:

Հարցումն անցկացվել է 2016 թվականի դեկտեմբերից մինչեւ 2017 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում: Դրան մասնակցել են եվրոպական տասը պետությունների՝ Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի եւ Ֆրանսիայի քաղաքացիները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ 17.32 Եվրոպացիներ, Brexit, բանակցություններ, զիջումներ