Շատերը նկատած կլինեն՝ Հայաստանում կա օլիգարխների մի նեղ շրջանակ, որոնց մասին մամուլն ամենից շատն է գրում, հաճախ անդրադառնում նրանց. նրանք, եթե կարելի է պայմանականորեն ասել, հայկական մամուլի «սիրելիներն» են: Թե ինչու հատկապես նրանք և ոչ մյուսները, իհարկե, մի փոքր հռետորական հարց է, բայց փաստ է նաև, որ այդ գործարարների՝ մամուլի էջերում հաճախակի հայտնվելու փաստն ամենևին էլ նրանց քաջագործությունների արդյունքը չէ. հիմնականում նրանց մասին հիշում են ոչ այնքան հաճելի առիթներով:

Ահավասիկ նրանցից մեկի՝ Արկադի Համբարձումյանի մասին մամուլում  հրապարակումների թվաքանակի պակաս ոչ մի կերպ չես կարող զգալ: Ոնց էլ չլինի՝ գոնե շաբաթն առնվազը 1-2 անգամ կայքերից մեկն անդրադարձ կատարում է այս գործարարին: Իսկ նման հաճախ անդրադարձերի հիմնական պատճառներից մեկն էլ, որքան էլ կարող է խիստ տարօրինակ հնչել, մանկական սնունդն է: Այո՛, այո՛, հենց մանկահասակ երեխաների մայրիկներին քաջածանոթ «Nutrilon ProNutra»-ն. Արկադի Համբարձումյանին պատկանող  «Սլավ գրուպ»-ի կողմից Հայաստան ներկրվող հենց այս ապրանքատեսակն է, որ ամենից հաճախ խնդիրներ է ունենում հայոց լեզվի հետ կապված: Ինչպես և միառժամանակ առաջ, այս անգամ ևս, պարզվում է, հայերեն մակնշումը թերի է կատարված եղել՝ չնայած այն փաստին, որ ամիսներ առաջ նման խնդիր կրկին ծագել էր, ու կրկին բողոքներ էին ստացվել: Ու հիմա նորից ՍԱՊԾ-ն ստուգումներ է սկսել Համբարձումյանին պատկանող ընկերությունում՝ իրավիճակին լուծում տալու հույսով:

Համաձայնե՛ք, այս ամենից հետզհետե տպավորություն է ստեղծվում, որ մի տեսակ հատուկ մտածված իրավիճակի հետ գործ ունենք. կարծես Համբարձումյանն այս խնդիրը դիտավորյալ է աչքաթող անում, որպեսզի մամուլին թեմա տա իրեն պարբերաբար վերհիշելու: Այլ տրամաբանական պատճառ, կներե՛ք, սակայն դժվար է մատնանշել: Ի՞նչ է, այդքան բա՞րդ է մի հասարակ մակնշման խնդիր լուծելը...

Այս ամենը մեկ բանի մասին է փաստում՝ ոմանց՝ համապատասխան խնդրի նկատմամբ ունեցած արհամարհական վերաբերմունքի, ինչը Հայաստանում ոչ մի կերպ չցրվող անպատժելիության մթնոլորտի բնական հետևանք է: Համաձայն չե՞ք:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ