Քիչ առաջ Facebook սոցցանցի իր էջում հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նշելով որ ԵԼՔ խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրություն է պատրաստել, որով միջնորդում է Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակել կալանքից:

 

Այն, որ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ հետևողական է եղել այս կամ այն քաղաքական իրադարձությունների հետևանքով բանտերում հայտված գործիչների նկատմամբ, նորություն չէ: Նիկոլ Փաշինյանը իր կաշվի վրա է զգացել այդ ուշադրության կարիքը, և հիմա ինքն է ուշադիր լինում իր քաղաքական գործընկերների հանդեպ:

 

Բայց հարցը դա չէ: Ինչու հենց հիմա, հենց այս օրերին: Բանն այն է, որ մեկնարկել է «Սասնա Ծռեր» խմբավորման դատաքննությունը, և այս առնչությամբ, ԵԼՔ խմբակկցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը «Սասնա Ծռերի» արարքում հանցակազմ էր տեսել:

 

Երբ այդ մասին հայտարարել էր երիտասարդ պատգամավորը, «Սասնա ծռերի» համակիրները իսկական որս սկսեցին ԵԼՔ-ի և հատկապես Գյորգիսյանի նկատմամբ: Նախախորհրդարանի և «Սասնա ծռերի» համակիրները ԵԼՔ-ի հասցեին հնչեցնում են տարատեսակ գնահատականներ, որոնք հաճախ անցնում են վիրավորանքի և մամուլի էջերին ոչ հարիր բառապաշարի:

 

Այս պահին, երբ «Սասնա ծռերը» ԵԼՔ խմբակցությանը համարում է դավաճան և իշխանության դրածո ուժ, Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս նման առաջարկով: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը «Սասնա Ծռերի» համակիր է, և բանտում է հայտնվել Սարի թաղում տեղի ունեցած աղմկոտ միջադեպից հետո:

 

Նիկոլ Փաշինյանն այս քայլով սրբագրում է Գևորգ Գյորգիսյանի հայտարարությունն ու ԵԼՔ-ի դիրքորոշումը՝ «Ծռերին» ցույց տալով, որ ամեն դեպքում իրենք պատրաստ են աջակցել և թույլ չտալ, որպեսզի ոտնահարվի նրանց իրավունքները:

 

Անդրիաս Ղուկասյանին և հատկապես «Սասնա ծռերին» օգնության ձեռք մեկնելը յուրահատուկ ժեստ է ընդդիմության կողմից:  Սա նաև շախմատային, հեռու գնացող քայլ է ընդդիմության դաշտում: Իրեն ընդդիմադիր քաղաքական ուժ հռչակած, ԱԺ փոխնախագահի և մի քանի հանձնաժողովների նախագահների պաշտոններ ստացած «Ծառուկյան» դաշինքը դեռ լռում է:

 

Նիկոլ Փաշինյանը և ԵԼՔ-ը այս կերպ նաև իրենց ընդդիմադիր բռունցքն են ցույց տալիս՝ պահպանելով «Միակ ընդիմություն» լինելու իրենց կարգախոսը:

 

Արսեն Սանամյան