Այսօր Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է իր վերջին հայտարարությունից հետո իշխանության արձագանքին:

Հիշեցնենք. դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ ապրիլի 2-ի ընտրությունները կատարյալ չէին, ԿԸՀ-ն և դատական մարմինները պետք է դարձնել հանրային վստահություն վայելող կառույցներ: Այս հայտարարությանը կոշտ արձագանքեցին ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հայտարարությունը համարելով դեսպանի կողմից Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձ: Այսօր Սվիտալսկին հայտարարել է. «Ես չեմ հաղորդել և չեմ հաղորդի ուղերձներ իշխանություններին հանրային քննարկման միջոցով։ Մենք լավ հաղորդակցման միջոցներև լավ հարաբերություններ ունենք։ Ինձ համար հանրային հայտարարությունների կարիք չկա, որպեսզի ես իմ ուղերձները տեղ հասցնեմ։ Ոչ մի կարծիք, որ ես հայտնել եմ հանրային ճանապարհով, գաղտնիք չէ։ Ինչ վերաբերում է ընտրություններին, կարող եմ հաստատել, որ Եվրամիությունը տրամադրել է 7 միլիոն եվրո։ Առանց սրա, ջանքը՝ այդ նոր տեխնոլոգիաների իրականացման, արդյունք չէր տա։ Մեր աջակցությունը շատ ավելին է, քան ֆինանսավորումը։ Մեր ֆինանսավորումը ամենաքիչ նպաստն էր, որ բերեցինք ընտրություններին։ Բայց ես կարող եմ շեշտել, որ դա արեցինք ՀՀ իշխանությունների բաց խնդրանքի հիման վրա։ Եվ եթե այլևս չեն ուզում՝ չենք անի։ Բայց մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը»։

Ստացվում է հերթական հարվածը Հայաստանի իշխանությանը, ընդ որում հարված թե՛ բարոյական՝ քանի որ դեսպանի խոսքերում ակնհայտ էր ակնարկ այն մասին, որ ֆինանսական աջակցության դեպքում իշխանությունն ինքն է խնդրում միջամտություն, թե՛ քաղաքական՝ այն իմաստով, որ դեսպանն իշխանությանն ակնարկում է՝ «հնարավոր է դեռ ինքներդ խնդրեք մեր օժանդակությունը, իսկ մենք դեռ կմտածենք՝ օգնել թե ոչ»: Եվ այստեղ, իհարկե, խոսքը միայն ընտրական գործընթացի օժանդակության մասին չէ, այլ քաղաքական, ավելի լայն խնդիրների և մարտահրավերների ներառում ենթադրող: Եթե մենք ունենայինք ռացիոնալ դաշտում գործող և իրապես եվրաինտեգրման ձգտող իշխանություն, ապա նա ոչ թե դեմարշ կաներ Սվիտալսկուն, այլ նույնիսկ կքաջալերվեր այն մտքից, որ Բրյուսելում խոշորացույցով հետևում են մեր ընտրական գործընթացին, որովհետև եվրոպական ինստիտուտները դիտողություններ են անում, առաջարկություններ են ներկայացնում, բարձր նշաձողեր են սահմանում երկրների համար, որոնք ունեն ամբիցիաներ, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու ցանկություն: Միևնույն ժամանակ ԵՄ դեսպանը շեշտել է ՝ ինքնիշխանության սպառնալիքները բոլորովին այլ տեղ են, քան Եվրամիության հետ գործընկերությունը: Ըստ նրա հայերը դա շատ լավ են հասկանում, փատացի Սվիտալսկին մատնացույց է անում այն, որ հանրության և իշխանությունների մոտեցումը այս հարցում տարբերվում է՝ մնում է դա հասկանան իշխանությունները: Թե որտեղից է գալիս այդ գլխավոր սպառնալիքը դեսպանը և եվրամիության այլ պաշտոնյաներ բազմաթիվ անգամներ են առիթ ունեցել բարձրաձայնել: Չարիքի արմատը կոռուպցիան է, որը երկրի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկն է հանդիսանում և որի դեմ պայքարելու քաղաքական կամք մեր իշխանությունների մոտ ԵՄ-ում չեն տեսնում:

Ստելլա Խաչատրյան