Կրթության նախարարությունը կարծես համառորեն չի ցանկանում նկատել ավագ դպրոցներում առկա կոռուպցիոն ռիսկերը: Ամեն անգամ նախարարը հաջողացնում է բարեփոխումներ անել, կրթական համակարգ նորացնել, բայց արի ու տես՝ ավագ դպրոցներում առկա վիճակը ինչպես եղել է մտահոգիչ, այնպես էլ շարունակում է մնալ մտահոգիչ: Ամենամեծ հարցեր, անշուշտ, առաջացնում են վճարովի պարապմունքները:

Այսպես՝ վճարովի պարապմունքների ամենաբացասական հետևանքներից մեկն աշակերտների նկատմամբ ուսուցչի կողմից տարբերակված մոտեցում ցուցաբերելն է։ Ուսուցիչը հակված է նախապատվություն տալ այն աշակերտներին, որոնց հետ արտադասարանային պարապմունքներ է անցկացնում: Շատ դեպքերում վճարովի պարապմունքի հաճախելու մոտիվացիան ոչ թե գիտելիքի աճն է, այլ թվանշանի մեխանիկական բարձրացումը եւ «առաջադիմություն» ցույց տալը: Եթե լրացուցիչ պարապմունք իրականացնող անձը տվյալ առարկան դասավանդող ուսուցիչն է, ապա հաճախ աշակերտի թվանշանը բարձրացվում է գիտելիքների մակարդակին ոչ համարժեք: Վճարովի հիմունքներով լրացուցիչ կրթությունն արգելված չէ, սակայն դպրոցի տարածքում դրանք կարող են իրականացվել միայն համապատասխան պայմանագրերի հիման վրա: Իսկ ահա դպրոցի տարածքից դուրս ուսուցիչների կողմից վճարովի պարապմունքների հարցը օրենսդրորեն կարգավորված չէ: Եվ որ ամենավատն է՝ կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման որևէ մեխանիզմ ներկայում չկա, հնարավոր լուծումները լավագույն դեպքում փնտրվում են բարոյական դաշտում, ինչը, բնականաբար, խնդրի ինստիտուցիոնալ լուծում չի կարող համարվել: Ներկայիս իրավական կարգավորման շրջանակներում որևէ կերպ արգելված չէ տվյալ առարկան դասավանդող ուսուցչի կողմից նույն դասարանի աշակերտների հետ պարապմունքներ անցկացնելու հնարավորությունը, առկա չեն այդ բնագավառում ուսուցիչների էթիկայի կանոններ ո՛չ օրենսդրական, ո՛չ էլ ենթաօրենսդրական մակարդակում:

Ստելլա Խաչատրյան