Անվերջ խոսակցությունների ու քննարկումների տեղիք տված Կառավարության ծրագիրը, որը մի տեսակ միֆականության քողով էին  պատել ու դրա միջոցով փորձում էին դրական էմոցիաներ առաջ բերել  հատկապես ժողովրդի շրջանում, կարծես հետզհետե քողազերծվում է. տեքստում որպես յուրատեսակ  նաղշի դեր կատարող թվերի հետևում, պարզվում է, ոչ մի լուրջ բան չկա,ու  դրանք տնտեսագիտորեն հիմնավորել ոչ ոք գործնականում չի կարող:

Դիցուք՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տնտեսական 5%-անոց աճի թեմային, հայտարարել է, թե միջազգային կառույցների կողմից Հայաստանի այսօրվա գնահատված տնտեսական աճի ներուժը 3-4% է: «Հետևաբար՝ դա չի նշանակում, որ ֆիքսելու ենք 5%, մի տարի կարող է լինել 4.7%, մյուս տարի ավելի շատ…»,-հայտարարել է նախարարն ու հավելել, թե ռիսկեր միշտ էլ կան. ՌԴ-Արևմուտք տնտեսական պատերազմի մեկնարկը 2013-ին ոչ ոք չէր կարող կանխատեսել: Այն, որ Հայաստանում վաղուց յուրատեսակ ավանդույթ է դարձել հասարակության վրա սին ու դատարկ տրյուկներով տպավորություն գործելն, այն, որ արդեն վաղուց ոչ ոք թվերի նկատմամբ որևիցե հավատ չի տածում, բնավ էլ գաղտնիք չէ. Հայաստանում թվերը հիմնականում մեկ բանի համար են ծառայում՝ քողարկելու այն տխուր իրականությունը,որ տիրում է հատկապես տնտեսությունում: Ցավոք, Կառավարության 2017-22 թվականների ծրագիրն ասվածի մի անզուգական օրինակ կարելի է համարել:

Հիմա, փաստորեն, ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն,որ նախարար Արամյանն, ով պետք է որ ամենից լավ տիրապետի իրականությանն ու իրավճակին, փաստացի պատասխանատվություն չի վերցնում իր ուսերին ու չի ցանկանում մտնել 5%-անոց բեռի տակ, ըստ էության, շատ լավ գիտակցելով, որ այդ թիվը կատարյալ միֆ է: Արամյանի հայտարարույունը ոչ այլ ինչ է,եթե ոչ իրական իրավիճակի նրբորեն բացահայտում: Փաստորեն՝ քիչ-քիչ փակագծերը բացվում են, ու աստիճանաբար պարզ է դառնում, որ Կառավարության ծրագրում նկարված թվերի տակ ոչ մի լուրջ տնտեսագիտական վերլուծություն կամ առավել ևս կոնկրետ հաշվարկներ ընկած չեն: Թիվ է, գրել են, որ գեղեցիկ հնչի, հուսադրող լինի, որ չասեն՝ Կառավարությունում պարապուրդի են մատնված: Իսկ, թե ինչ կարող է տալ  կատարյալ սննկացման եզրին գտնվող տնտեսությամբ երկրին ասենք տարեկան 3%-անոց «կայուն» աճը (սա,թերևս, լավագույն դեպքում), միայն կռահել կարելի է, քանի որ առնվազը տնտեսագիտությունից  լիովին բոբիկ պետք է լինել՝ հուսալու, թե այդ չնչին աճը կարող է հարց լուծել. դա, ըստ էության, նշանակում է, որ երկրի անկումն ընդամենը կարող է  մի փոքր դանդաղել, բայց ոչ երբեք կանգ առնել:

Իսկ թե ինչ կարող է լինել տնտեսության հետ այն դեպքում, եթե ասենք համաշխարհային տնտեսությունում ինչ-ինչ ցնցումներ արձանագրվեն կամ անկանխատեսելի բաներ տեղի ունենան,թերևս միայն կռահել կարելի է,քանի որ ինչպես կարելի է հասկանալ, համապատասխան թիվ մատնանշելիս ոչ ոք գործնականում որևիցե սպառնալիք հաշվի չի առել, որևիցե հնարավոր գործոն նկատի չի ունեցել: Իրականում, սակայն, պետք է հասկանալի լինի մեկ բան՝ եթե նույնիսկ Հայաստանում 10%-անոց տնտեսական աճ էլ գրանցվի, բայց տնտեսության մեջ կառուցվածքային էական տեղաշարժեր չունենանք, ու աճն էլ գրանցվի ասենք բացառապես  բնական հանածոների հաշվին,ապա դա որևիցե էական ազդցություն չի ունենալու, ու առավել ևս ժողովուրդն այն իր մաշկի վրա որևիցե կերպ չի զգալու. շարժ գրանցելու համար հարկավոր է, որպեսզի նախևառաջ մեր երկրում գոնե բիզնեսով զբաղվելու համար բարենպաստ միջավայր  ստեղծվի, հավասար մրցակցային դաշտ ապահովվի, իջեցվեն հարկերը: 

Կարվի այս ամենը՝ տնտեսությունում, իրոք, կունենանք տեղաշարժ, չի արվի՝ անիմաստ թվեր նկարելն իրավիճակի վրա որևիցե էական ազդեցություն չի կարող թողնել:

 

Դաբվիթ ԲԱԲԱՆՈՎ