ՀՀ ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելուց պարզ դարձավ, որ մեծ հավակնություններ ունեցող վարչապետը միայնակ է հայկական քաղաքական դաշտում:

Կարեն Կարապետյանը, երբ ներկայացրեց Կառավարության առաջիկա 5 տարվա ռազմավարությունը, ընդդիմադիր ԵԼՔ խմբակցությունը ամեն կերպ «խոսք» էր քաշում վարչապետից. «Ո՞վ է լինելու վարչապետ 2018 թվականից հետո»:

Կարեն Կարապետյանը, քաղաքական դաշտում հմտացած Փաշինյանին և Մարուքյանին փորձում էր դիմադրել` չդիմացավ և ժպիտը դեմքին հայտարարեց. «Ես չեմ համոզելու Սերժ Սարգսյանին, որ նա դառնա ՀՀ վարչապետ»:

Կարեն Կարապետյանը հայտարարեց նաև, որ ինքը պատրաստ է աշխատել որպես վարչապետ: Կարապետյանին, սակայն, ոչ մի ՀՀԿ-ական պատգամավոր չսատարեց այսօր:

Ավելին ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Կառավարության ծրագիրն, անկախ նրանից, թե ով կլինի հետագայում վարչապետ, դա Սերժ Սարգսյանի և ՀՅԴ-ի ծրագիրն է:

Շարմազանովը ժպտացող և Սերժ Սարգսյանին չհամոզող վարչապետին իր տեղը ցույց տվեց՝ մենեջերի՝ ասել թե իրենց ղեկավարի կողմից նշանակվածի աթոռը:

Իսկ մինչ Շարմազանովը տողատակերով զգուշացնում էր վարչապետին, նույն ժամանակ ՀՀ Նախագահը իր նստավայրում խորհրդակցություն էր հրավիրել` Հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի գործունեության ընթացքը և միջանկյալ արդյունքները քննարկելու համար: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մի շարք այլ պաշտոնատար անձինք:

Առաջին հայցքից սովորական խորհրդակցություն է, որ նախագահը անում է: Սակայն, հարց է առաջանում, ինչո՞ւ հենց այսօր, ոչ ասենք երեկ, կամ վաղը չէ մյուս օրը:

Փորձենք այս խորհրդակցությունը դիտարկել այլ տեսանկյունից: Պարզ է, որ ՀՀ իշխանական վերնախավում պալատական կռիվը մտնում է թեժ փուլ:

Իսկ այդ խարդավանքների կիզակետին, երբ Կարեն Կարապետյանը ժպտալով հայտարարեց, որ ինքը չի համոզելու Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանն էլ իր մոտ կանչեց Կարեն Կարապետյանի փոխվարչապետին և Արդարադատության նախարարին, անցկացրեց խորհրդակցություն, որով և «դեղին քարտ» ցույց տվեց» Կարեն Կարապետյանին՝ հասկացնելով, որ ինքն է այս երկրում «հարցեր կարգավորողն» ու հրահանգներ տվողը:

Արսեն Սանամյան