Շատերը նկատած կլինեն,որ այն օրվանից,ինչ հայտնի դարձան Կառավարության 2017-2022 թվականների ծրագրի մանրամասները,  իշխանական շրջանակներում, բայց հատկապես ՀՀԿ-ականների մոտ մի տեսակ էյֆորիկ տրամադրություններ սկսեցին  տիրել: Նույնիսկ անզեն աչքով նկատելի էր,թե ինչ ցնծություն էր տիրում  ու այժմ էլ շարունակում է տիրել«փիառի» կարոտ  ՀՀԿ-ական գործիչների շրջանում: Նույն Վահրամ Բաղդասարյանն, օրինակ, Հանրապետական կուսակցության հրավիրած նիստից հետո լրագրողների հետ զրույցում շտապել էր  փառքի պատվանդանին բարձրացնել Կառավարության ծրագիրն ու համոզմունք հայտնել, թե այն բազմաբովանդակ, բավականին կանխատեսելի, իրականացնելի ծրագիր է, որը ներառում է բոլոր ոլորտները: Մի խոսքով՝ տպավարություն է՝ ասես Հայաստանի փրկության բանալին վերջապես գտնված է:

Սակայն հարց կարող է առաջ գալ՝ որքանո՞վ է իշխանական շրջանակներում տիրող ցնծությունը հիմնավոր,կամ որքանո՞վ են իրատեսական այն պնդումները,թե հաջորդ 5 տարիներին Հայաստանում աղքատությունը զգալիորեն կրճատվելու է, աշխատատեղեր են ստեղծվելու, աշխատվարձերը, գրեթե, թռիչքաձև աճ են գրանցելու և այլն: Իրականում, այս հարցին պատասխանելու համար հարկավոր է մի փոքր մանրակրկտորեն քննության առնել Կառավարության ծրագրի կարևոր կետերն ու այդպիսով համոզվել՝ էյֆորիա ապրելու հիմքերը համապատասխաններ այնքան էլ չունեն:

Այսպիսով՝ ի՞նչ է ասվում ծրագրում: Նախ՝ խոսվում ու թմկահարվում է 5%-անոցտնտեսական աճի մասին: Միգուցե  տնտեսական աճի ներկա մակարդակի ֆոնին 5 թիվը կարող է չափազանց դյութիչ թվալ,սակայն տնտեսագիտորեն ապացուցված է,որ նույնիսկ 7%-անոց տնտեսական աճն էլ Հայաստանին չի բավարարելու՝ տնտեսւթյունը մեռյալ կետից շարժելու համար. մեզ առնվազը 7,5%-անոց շարունակական աճ է հարկավոր,որպեսզի գոնե մեռյալ կետից շարժվել լինի: 5%-անոց աճն ընդամենը մի փոքր դանդաղեցնելու է Հայաստանի տնտեսական անկումը,բայց ոչ երբեք  առաջ մղելու:

Հաջորդն, ինչի մասին գոռում-գոչում են, անվանական նվազագույն աշխատավարձի՝ իբր 25%-ոց բարձրացումն է: Այսինքն՝ եթե հիմա նույն անվանական նվազագույն աշխատավարձը կազմում է 55000 դրամ, ապա 2022-ին ի երջանկություն համայն հայության,  այն հասնելու է մի ամբողջ 67000-ի: Սակայն ողջ խնդիրն էլ այն է,որ այս թիվն իրականում ոչինչ է,փուչիկ,քանի որ այն նկարելիս մարդիկ հաշվի չեն առել մի վճռորոշ հանգամանք՝գնաճը: Այո՛, խոսքն իրականում գնում է ոչ թե աշխատավարձերի իրական աճի,այլ միայն անվանական աճի մասին: Այսինքն 5 տարի հետո այդ 67000-ի գնողունակությունն իրականում յուղոտ հարցականի տակ է մնում: Չմոռանանք՝ սա Հայաստանն է, ուր գներն աճում են ոչ թե ասենք եռամսյակը մեկ, այլ՝ օրեցօր: Միակ հույսը, թերևս, մնում է առաջիկա տարիներին համապետական ընտրությունների բացակայությունը՝ չնայած մեր դեպքում դա ևս կտրուկ գնաճի բացառման երաշխիք չես համարի:

Մյուսը, որի մասին ակտիվորեն թմբկահարվում է, աշխատատեղերի ստեղծումն ու աղքատության 12 տոկոսային կետով կրճատումն է: Այս դեպքում էլ տնտեսագիտական գիտությունների դոկտոր լինել պետք չէ՝ հասկանալու, որ այս թիվն իրականում բարի ցանկությունների դաշտից է փոխառված, ու եթե քո երկրում ուղղակի ներդրումների ծավալը տարեցտարի միայն   կրճատվում է,  իսկ կապիտալն էլ բոլոր հնարավոր ու անհնարին ճանապարհով արտահոսում, ապա նման թվեր կրակելն ուղղակի անիրատեսական է դառնում: Միակ հույսը, թերևս, «Ներդրումային ակումբ» կոչեցյալն է, որից էլ, ինչպես ցույց է տալիս կյանքը, որևիցե գործնական օգուտ դժվար է լինելու հետայսու ևս  ակնկալել: Իսկ երբ այս ամենին էլ գումարում ես Հայաստանի ավելի քան 6 միլիարդանոց պետական պարտքի գրեթե  ամսեամիս աճը, հասկանում ես, որ Հայաստանին այնքան էլ քաղցր օրեր չեն սպասվում:

Իհարկե, կասկածելի կետերի շարանը կարելի է թվարկել գրեթե անվերջ,բայց այսքանն էլ,թերևս, բավարար է՝ համոզվելու համար, որ Կառավարության ծրագիրն, ընդամենը, շոուի ժանրից է, իսկ շոուի նկատմամբ սիրո պակաս, ինչպես հայտնի է, մեզանում առանձնապես չի զգացվում:

Հարց՝ և ինչի՞ վրա են հրճվում Վահրամ Բաղդասարյանն ու նրա թիմակիցները…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ